...

Ե՞րբ տեղի կունենա «հայկական Նյուրնբերգը»

Ե՞րբ տեղի կունենա «հայկական Նյուրնբերգը»

Համընդհանուր ցավի ու հուսալքվածության այս մթնոլորտում կամաց-կամաց թանձրանում է այն անկասելի գիտակցումը, որ Արցախը ոչնչացնելու, հազարավոր զոհերի ու հարյուր հազարավոր խեղված ճակատագրերի համար բոլոր մեղավորները պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Բայց այս գիտակցումը, հասկանալիորեն, դեռևս էմոցիոնալ հարթությունում է, ընդ որում՝ առանց բացառության բոլորը «գնդակահարության պատի տակ կանգնեցվելու» թեկնածուների սեփական ցուցակն ունեն։ 

Բայց հնարավո՞ր է արդյոք պատասխանատվության ենթարկել հանցագործներին ու անգամ նախապես դատավճիռը հրապարակել, եթե «հանցագործության նկարագրության» ու հանցակազմի վերաբերյալ հստակություն չկա։ Ի վերջո՝ ցանկացած հանցագործության դեպքում, երբ մեղադրանք է ներկայացվում, մանրամասն նկարագրվում են կատարված հանցանքը, քայլերի հերթականությունը, հանգամանքները (օրինակ՝ «ձևավորված կայուն հանցավոր խմբի կազմում», «շահադիտական նպատակներով», «գտնվելով անսթափ վիճակում», «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», «անզգուշաբար») և այլն։

Հիմա փորձենք հենց այդ տրամաբանությամբ էլ կառուցել այն մեղադրական եզրակացությունը, որը վաղ թե ուշ պիտի հնչի «հայկական Նյուրնբերգում»։ Պարզ ասած՝ կոնկրետ ո՞ւմ և ի՞նչ բնույթի հանցավոր գործունեության արդյունքում հասանք այս վիճակին։ Մեղադրական եզրակացության մեջ, բնականաբար, պիտի ներկայացված լինեն հանցագործության բոլոր դրվագներն՝ ըստ ժամանակագրության։ Մոտավորապես այսպես․

Դրվագ 1․ 1997թ․ հուլիս-1998 թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԼՂՀ մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, գերազանցելով իրենց պաշտոնեական լիազորությունները, նախապես հանցավոր համաձայնության գալով, շահադիտական նպատակներով (ՀՀ-ում ամբողջական իշխանության հասնելու և այդ իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելու հանցավոր մտադրությամբ) իրականացրեցին պետական հեղաշրջում՝ զենքի ուժով և (կամ) դրա կիրառման սպառնալիքով տապալելով սահմանադրական կարգը։ Իրենց իրական հանցավոր մտադրությունները քողարկելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով վերոնշյալ անձինք իրենց ոճրագործությունը ներկայացրեցին որպես հայրենասիրական քայլ և դա հիմնավորելու պատրվակով մերժեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման և արժանապատիվ խաղաղության հասնելու հնարավորությունը։

Դրվագ 2․ 1998 թ․ փետրվար-2018 թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ կայուն հանցավոր խմբի ողջ մնացած անդամները, ՀՀ-ում տիրելով իշխանական լծակներին, շահադիտական նպատակներով իրենց հետ համագործակցելու պատրաստ բազմաթիվ կուսակցությունների և «հասարակական-քաղաքական գործիչների» աջակցությամբ, անտեսելով ՀՀ առջև ծառացած անվտանգության մարտահրավերները, ՀՀ պետական ռեսուրսները ծառայեցրեցին ոչ թե այդ մարտահրավերները չեզոքացնելուն, այլ սեփական կարողությունները բազմապատկելուն, ինչի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական բալանսն էապես փոխվեց Ադրբեջանի օգտին։

Դրվագ 3․ 2018 թ․ մայիս-2020 թ․ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացի, 1975 թ․ ծնված Նիկոլ Վովայի Փաշինյանը, նախապես կայուն ձևավորված խմբի կազմում հակասահմանադրական ճանապարհով ՀՀ-ում զավթելով իշխանությունը, դեռևս չպարզված նկատառումներով պառակտեց հասարակությանը, քաղաքական հետապնդումներ սկսեց մի շարք բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, հրապարակավ և առանձնահատուկ ցինիզմով փչացրեց հարաբերությունները ՀՀ միջազգային գործընկերների հետ, ապա փաստացի հրաժարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ժառանգությունից՝ դրանով իսկ հրահրելով նոր պատերազմ։

Դրվագ 4․ 2020 թ․ սեպտեմբերի 27-նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը, իր իսկ ձևավորած կայուն հանցավոր խմբի աջակցությամբ, պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերեց բացահայտ անձեռնհասություն, ապա, հնարավորություն ունենալով կասեցնել պատերազմի ընթացքը, անձնական շահագրգռվածությունից ելնելով (որպեսզի իրեն «դավաճան» չասեն) չարեց դա, ինչը հանգեցրեց հազարավոր զոհերի և ահռելի տարածքային կորուստների։

Դրվագ 5․ 2020 թ․ նոյեմբերի 10-ից առ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գործունեությունը որպես ՀՀ վարչապետ, ինչի արդյունքում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, թշնամու վերահսկողության տակ են անցել ՀՀ ինքնիշխան տարածքի հսկայական հատվածներ, իսկ Արցախը, որպես հայկական կենսատարածքի անբաժանելի մաս, վերացել է։

Կարելի է, իհարկե, բազմաթիվ այլ դրվագներ նույնպես առանձնացնել, բայց ամենաէականը հետևյալն է՝ եթե իսկապես ուզում ենք, որ «հայկական Նյուրնբերգն» անպայման տեղի ունենա, պիտի անուն առ անուն նույնականացնենք դրվագներից յուրաքանչյուրով «անցնող» առանցքային մեղավորներին։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ