Տեղի է ունեցել մեծագույն ցնցում կամ եթե ուզում եք՝ անվանեք արհավիրք, և ուղերձներով թեման ջրել չի լինի:
Ինչու արհավիրք, որովհետև չկա հայրենիքի մի մասը: Այո, հայրենիքի, որովհետև նույն Փաշինյանն էլ էր ասում՝ Արցախը Հայաստան է: Եվ հիմա կիսատ-պռատ պատասխաններով, խոստումներով, հավաստիացումներով հնարավոր չէ այս հարցը հետաձգել մինչև հերթական ընտրություններ: 3 տարին չափազանց շատ է:
Հասարակության մի ստվար հատվածի մոտ կասկածներ կան, և այսպես շարունակել հնարավոր չէ:
Չի կարող երկիրը ապրել, առավել ևս զարգանալ՝ իր հիմքում ունենալով միայն վախ, թե ամեն ինչ անում ենք, որպեսզի նախկինները չվերադառնան:
Գործող իշխանությունը շատ արագ պետք է փոխի կուսակցությունների մասին օրենքը, փոխի ընտրական օրենսգիրքը և հայտարարի, որ ամենաուշը մինչև գարուն տեղի են ունենալու ընտրություններ:
Ընտրություններ և քարոզարշավ, որտեղ շատ բան կբացահայտվի, շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
Հաստատ երկրում 2018 թվականի քաղաքական խճանկարը չէ, տրամադրությունների էական փոփոխություն է տեղի ունեցել, և սա անտեսելը մեծագույն հարված է ժողովրդավարությանը, որի ջատագովն է գործող իշխանությունը:
Ուրեմն՝ եթե Փաշինյանը և մյուսներն իսկապես հայրենասեր են, պարզապես բախտները չբերեց և պարտվեցին դաժան պատերազմում, պետք է իրենց մեջ ուժ գտնեն և գնան արտահերթ ընտրությունների: Կբացատրեն, թե որը ինչու են արել, ինչու այսպես ստացվեց և եթե ժողովուրդը կրկին իրենց հավատա, ապա նորից կստանձնեն երկրի ղեկը:
Գործող իշխանության գլխավոր առաքելությունն է կազմակերպել ևս մեկ արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ:
Անպայման չէ գործը հասցնել հեղաշրջման, որի կայացման մեջ իրենք նույնպես մեծ մեղք կունենան:
Արիս Վաղարշակյան