...

Երևանը գրավյալ տարածք է

Երևանը գրավյալ տարածք է

«Դրոշ տեղադրելը քաղաք գրավելու նշան է․ Արցախի դրոշը Երևանում ի՞նչ նպատակ ունի, Երևանը վաղուց Արցախի կողմից գրավված է: Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո ՀՀ-ն գրավված է, էլ Արցախի դրոշ դնելու նպատակը ո՞րն է»,- 24News-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Փաստորեն, ըստ Գագիկ Մելքոնյանի՝ Երևանն էլ գրավյալ տարածք է։ Ադրբեջանցիները որ լսեն, կարող է որոշեն Երևանն էլ «ազատագրել», ինչպես Շուշին «ազատագրեցին»։ Այ էդ ժամանակ իսկական խաղաղության դարաշրջան կբացվի, Գագիկ Մելքոնյանն էլ բերանը բաց հարցազրույցներ կտա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Ի դեպ՝ խնդիրն այստեղ Մելքոնյանի՝ Արցախի դրոշի նպատակահարմարությունը քննարկելը չէ։ Մարդը բաց տեքստով հայաստանցի-ղարաբաղցի թեմա է «գցում»՝ վերստին հիշեցնելով, որ Քոչարյանը Ղարաբաղից եկավ, ղարաբաղցիներին հետը բերեց ու միասին զավթեցին Երևանը։ Եվ սա ասում է այն Գագիկ Մելքոնյանը, որը Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 2000-2008 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետը։ Մելքոնյանը այս իշխանության լակմուսի թուղթն է, նա ասում է այն, ինչ իշխանության մտքում է։ Պարզապես ի տարբերություն շատերի՝ Մելքոնյանի վարքը չի սինթեզվում, ինչ մտածում, ասում է՝ առանց երկար մտածելու, պատասխանատվության տակ մտնելու, պատգամավորի իր ստատուսը գիտակցել-արժևորելու։ Գագիկ Մելքոնյանն, առանց չափազանցության, Հայաստանի այսօրվա իշխանության հավաքական միտքն ու պատկերն է։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ