...

Երրորդ անգամ նույն գետը մտնելը կդիտարկվի իբրև խելագարություն

Երրորդ անգամ նույն գետը մտնելը կդիտարկվի իբրև խելագարություն

Երեկ Գավառում տեղի ունեցածը չափազանց շատ խնդիրների համալիր ամբողջության արդյունք է: Եվ շատ մակերեսային կլինի միայն ոստիկանապետի հրաժարականը պահանջելը կամ բավարարվելը, որ այդքանով այս պահին ամեն ինչ ավարտվի:

Ոստիկանությունը երեկ չէ, որ հեղինակազրկվեց: Գործընթացը շատ ավելի վաղ էր սկսվել և ժամանակ առ ժամանակ մենք քաղում ենք դրա հետևանքները: Արդյո՞ք ոստիկանության հեղինակությանն ուղղված լուրջ հարված չէր ՊՊԾ գնդի գրավումը, երբ ոստիկանությունը թույլ տվեց, որ գրավեն իրենց բազան, իսկ օգնության հասած բարձրաստիճան ոստիկանները գերեվարվեն:

Ոստիկանության հեղինակազրկումն սկսվեց, երբ բոլորի աչքի առաջ ոստիկանները սկսեցին ընտրակեղծիք կատարողին պաշտպանել ընտրակեղծիքի դեմ պայքարողից: Եվ նողկալի է տեսնել ոմանց կոկորդիլոսի արցունքները ոստիկանության հեղինակության անկման համար, երբ ժամանակին հնարավոր բոլոր մանիպուլյացիաներով պաշտպանում էին այդ գործելաոճը:

Ոստիկանությունը հեղինակազրկվեց, երբ Գասպարյան Վովան տեսախցիկների առջև ոստիկաններին անվանեց միլիցա-պեպելնիցա, իսկ տեսախցիկների անջատվելուց հետո ականատեսների վկայությամբ հայտարարեց՝ չնեղանաք, շոուի կանոններն այդպես են պահանջում:

Խնդիրներ կան նաև Գավառի տարածաշրջանում և մասնավորապես Նորատուսում: Թերևս Հայաստանի ոչ մի համայնքում քրեական ենթամշակույթն այդքան արմատավորված չէ, որքան այդ բնակավայրում: Օրենքով գողերը այնտեղ նույնքան հեղինակություն ունեն, որքան ազգային հերոսները:  

Բայց խնդիրը միայն ոստիկանության հեղինակության բացակայության կամ պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ չէ: Երկու տարվա ընթացքում իշխանությունը չի դրսևորել քաղաքական կամք բարենորոգելու ոստիկանությունը: Չի դրսևորել կամք փոխելու արդարադատության համակարգը, որպեսզի այսօր ժողովրդին ասի՝ ինչո՞ւ եք դիմել վենդետայի. չէ՞ որ կա դատարան, որը կպատժի բոլոր մեղավորներին:

Չափազանց մեծ մոլորություն կլինի, եթե իշխանությունը գտնի, որ դեպք է՝ տեղի ունեցել, սպանություններ բոլոր երկրներում էլ տեղի են ունենում: Իշխանությունը պետք է գիտակցի իրավիճակի կոնտեքստը և հասկանա մեկ հասարակ իրողություն: Այսպիսի պայմաններում է ծնվում հասարակության կարոտախտը դիկատատուրայի հանդեպ:

Վերադառնալով ոստիկանապետի հրաժարականի թեմային: Հրաժարականը պետք է լինի րոպե առաջ և չսահամանափակվի միայն Արման Սարգսյանով: Թոշակի պետք է անցնեն ևս մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որ չեն տիրապետել օպերատիվ իրավիճակին, չեն գնահատել ռիսկերը, հիվանդանոցում չեն տեղակայել անհրաժեշտ քանակությամբ ոստիկաններ, որոնք հանդերձավորված կլինեին դիմակայելու անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Քաղաքական գործչի (ոչ անպայման սեփական թիմից) նշանակումը ոստիկանապետի պաշտոնում չի ենթադրում բոլոր խնդիրների լուծում, բայց անհրաժեշտ նվազագույն քայլն է, որ պետք է անել, որպեսզի ոստիկանությունը դուրս գա նոկաուտից: Նախկին համակարգի «պրոֆեսիոնալների» նշանակումը արդեն իրեն այնքան է վարկաբեկել, որ հաջորդ նման նշանակումը արդեն ձախողված կլինի ի սկզբանե: Երրորդ անգամ այդ գետը մտնելուց պետք է հասկանալ՝ փրկվելու շանս չկա:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1468 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ