Այս օրերին Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու ծպտյալ կողմնակիցները քարոզչական մի նոր թեմա են «ցրցամ տվել», որի իմաստը մոտավորապես սա է՝ «նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին, որ ժամանակին տարածքները չի տվել, ու արդյունքում ստացել ենք պատերազմ՝ հազարավոր զոհերով, հիմա նույն Նիկոլ Փաշինյանին մեղադրում են հակառակ բանի համար՝ որ Տավուշում 4 գյուղ է հանձնում, որպեսզի նոր պատերազմ չլինի»։ Ենթատեքստը հասկանալի է․ «առաջ Նիկոլը հիմար էր (չէր պատկերացնում իր արածի հետևանքները) կամ վախկոտ էր (վախենում էր դավաճանի պիտակից), իսկ հիմա հասունացել է, դարձել ավելի իմաստուն ու քաջ, որովհետև առաջնորդվում է պետական շահերով՝ առանց վախենալու, որ իրեն դավաճան կասեն, իսկ ժողովուրդը, փոխանակ հիանա նրա այդ կեցվածքով, հայհոյում է»։
Կարելի է, իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ինչ տալու քաղաքականությունը համեմատել մարմնավաճառության հետ։ Ավելին․ եթե դատելու լինենք արդյունքներով, նրա քաղաքականությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ մարմնավաճառը մտնում է խանութ՝ ինչ-որ բան առնելու, խանութպանը նրան ասում է, որ թղթադրամները կեղծ են, սա էլ անմիջապես աղմուկ է բարձրացնում՝ «ո՞նց թե կեղծ են, փաստորեն՝ ստացվում է, որ ինձ բռնաբարել են»։ Որովհետև, համենայն դեպս՝ առ այսօր, նիկոլական իշխանությունների որևէ զիջում Ադրբեջանի կողմից պատասխան զիջման չի հանգեցրել, հակառակը՝ նոր և ավելի կոշտ պահանջներ են հնչեցվել։
Բայց վերադառնանք ժամանակին 5 շրջանները չվերադարձնելու արկածախնդրության ու այսօր 4 գյուղերը վերադարձնելու «ողջամտության» միջև զուգահեռներ անցկացնելու փորձերին։ Հասկանալի է, չէ՞, որ մի՛ բան է, երբ ինչ-որ բան ես տալիս և փոխարենը շատ ավելի կարևոր ինչ-որ բան ստանում, և բոլորովին այլ բան, երբ ինչ ուզում են՝ տալիս ես ու ինքդ էլ հայտարարում, որ դրա դիմաց որևէ բան ստանալու երաշխիք չկա։ Երբ ժամանակին առաջարկվում էր Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, դրա դիմաց մեր ստանալիքը շատ կոնկրետ էր, առարկայական, և, որ ավելի կարևոր է, միջազգայնորեն երաշխավորված ու ամրագրված Ադրբեջանի գրավոր պարտավորություններով (ներառյալ՝ դրանց խախտման դեպքում պատժիչ մեխանիզմների կիրառման անխուսափելիությունը)։ Պարզ ասած՝ 5 շրջանների դիմաց մենք ստանալու էինք Արցախի հայկական մնալու երաշխիքներ և քաղաքական կարգավիճակ՝ անվտանգության միջազգային երաշխիքներով, ինչպես նաև Հայաստանի ապաշրջափակում, որն այսպես թե այնպես Հայաստանը դարձնելու էր խաչմերուկ՝ առանց գովազդային բուկլետների։ Իսկ Տավուշի 4 գյուղերը վերադարձնելու դեպքում մենք ոչինչ չենք ստանալու և միայն ավելի խոցելի ենք դարձնելու ՀՀ ինքնիշխան տարածքի անվտանգությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Որոտան-Շուռնուխ ճանապարհը հանձնելու դիմաց ոչինչ չստացանք ու ընդամենը ավելի բարդացրեցինք, ասենք, ՀՀ տարածքի պաշտպանությունը Ներքին Հանդի ուղղությամբ։
Իսկ մեծ հաշվով՝ սա «պետք է համաձայնության գնալ, քանի դեռ ուժեղ ենք» և «հիմա որևէ բան զիջելու կարիք չկա, կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք» բանավեճի շարունակությունն է։ Ավելի ճիշտ՝ երկրորդ պնդման անհեթեթության և կործանարարության հերթական ապացույցը, որովհետև ի սկզբանե այդտեղ վիճելու բան չկար․ կարելի է ընտրություն կատարել երկու մտքերի միջև, բայց մտքի և մտքի բացակայության միջև ընտրությունն անիմաստ է։
Այո, «կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք» քաղաքականության տրամաբանական շարունակությունն այսօրվա վիճակը պիտի լիներ։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ամեն ինչ արել, որ հնարավորինս արագ մոտենանք «ստիպված լինելու» կետին, ու քանի որ նա պատրաստ է զիջել նաև այն, ինչը դեռ հնարավոր է չզիջել, այսօր հարցը ոչ թե այն է՝ «Նիկոլը պիտի տա՞ 4 գյուղերը, թե՞ ոչ», այլ այն, թե պիտի հրաժարական տա՞, թե՞ ոչ։
Ու պատասխանը միանշանակ դրական է․ եթե ինչ-որ բան պիտի տա՝ ապա հրաժարական։
Մարկ Նշանյան