...

Եթե հետերոսեքսուալը շփվում է ԼԳԲՏ անձի հետ, ապա նա «կոտրվում» է և այլևս «նորմալ մարդ» չէ

Եթե հետերոսեքսուալը շփվում է ԼԳԲՏ անձի հետ, ապա նա «կոտրվում» է և այլևս «նորմալ մարդ» չէ

Կյանքը ՔԿՀ-ներում

«Գեյերի» և այսպես ասած` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց  նկատմամբ հասարակության «հատուկ» վերաբերմունքը չի սահմանափակվում միայն այդ հարցով «մասնագիտացած» որոշ պատգամավորների և հայուգենի ջատագովների սադրիչ հայտարարություններով: Այդ խտրական վերաբերմունքն առկա է նաև ազատազրկման վայրերում, որտեղ հայտնվող այդ «խոցելի խմբի» ներկայացուցիչները արժանանում են նվաստացուցիչ վերաբերմունքի: ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մոնիտորինգ իրականացնող դիտորդական խումբը ամիսներ առաջ հրապարակված իր տեղեկանքում մտահոգիչ փաստեր էր արձանագրել: «Դիտորդների խումբը տարիների ընթացքում արձանագրել է, որ ԼԳԲՏ ազատազրկված անձանց նկատմամբ խտրական կամ վատ վերաբերմունքի, խոշտանգումների դրսևորման դեպքերը շարունակական և համակարգային բնույթ են կրում։ Նրանք պահվում են իրենց համար նախատեսված առանձին խցերում, որոնք էականորեն տարբերվում են նույն ՔԿՀ-ների այլ խցերից իրենց անշքությամբ և ոչ բարվոք վիճակով։ ՔԿՀ-ներում ԼԳԲՏ անձանց հետ շփվելը և ընդհանրապես նրանց հետ առնչություն ունենալը այնքան անընդունելի է, որ վերջիններիս համար նախատեսված խցեր կարող են տեղափոխվել նաև նրանք, ովքեր ԼԳԲՏ անձանց «ձեռքով բարևել են», «հաց են կիսել» կամ «մոտ հեռավորությունից շփվել են»»,- ասվում է Խմբի կողմից հրապարակված տեղեկանքում: Դրանում նշվում է նաև, որ ՔԿՀ-ների աշխատակիցները ևս փաստում են, որ մնացած դատապարտյալներն ու կալանավորված անձինք հրաժարում են շփվել «նման» մարդկանց հետ և օգտվել նույն սպասքից։ Բանտային չգրված օրենքների համաձայն, եթե հետերոսեքսուալ անձը շփվում է ԼԳԲՏ անձի հետ, ապա նա «կոտրվում» է և զրկվում է «նորմալ մարդու» կարգավիճակից։

Ըստ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների՝ ԼԳԲՏ անձանց նշված խցեր են տեղափոխում իրենց գրավոր դիմումի, որտեղ որպես տեղափոխման հիմնավորում մատնանշվում է սեռական կողմնորոշումը/գենդերային ինքնությունը և պատիժը այլոց հետ նույն խցում կրելու անհնարինությունը: Այսինքն՝ դա պատճառաբանվում է անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ սեռական և այլ տիպի բռնություններից, շահագործումից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ապահովագրելու նպատակով: «Սակայն հարկ է նշել, որ իրականում նույն խցում և կարգավիճակում գտնվողներից ոչ բոլորն են իրենց նույնականացնում որպես ԼԳԲՏ անձ: «Քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած, որոշակի հանցագործություն կատարած ազատազրկված անձինք ևս պահվում են նույն խցերում։ «Քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած ազատազրկված անձանց խմբին են դասվում նրանք, ովքեր հրաժարվում են ենթարկվել «հանցագործ աշխարհի» կողմից ընդունված չգրված կանոններին, այսինքն՝ «գողական օրենքներին» կամ խախտել են դրանք: Որոշակի հանցագործություններ կատարած անձանց խմբի մեջ մտնում են նրանք, ովքեր մեղադրվում կամ ազատազրկվել են սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար: Հիմնականում այդ անձինք դիմում են ներկայացնում՝ իրենց «թռածների» կամ «արվամոլների» խուց տեղափոխվելու համար»,- նշում են դիտորդական խմբի անդամները: 

ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները զուգարան, կոյուղի են մաքրում 

Ինչպես ցույց են տալիս Խմբի մշտադիտարկման արդյունքները, վերոնշյալ խմբերի անձինք ենթարկվում են հոգեբանական ճնշումների, իսկ որոշ դեպքերում՝ սեռական բռնությունների, ոտնձգությունների և շահագործման մյուս ազատազրկված անձանց կողմից։ Թե՛ վարչակազմը, թե՛ այլ ազատազրկված անձինք ԼԳԲՏ անձանց անվանում են «արվամոլներ», «համասեռամոլներ», «շեղվածներ» կամ «գոմիկներ» և նրանց նկատմամբ դրսևորում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Վերջիններս ներգրավվում են մյուս ազատազրկված անձանց կողմից նվաստացուցիչ համարվող այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ, զուգարանի, լողասենյակի, աղբահանության, կոյուղու և տարածքի մաքրման աշխատանքները: «ՔԿՀ-ի  աշխատակիցները ևս հավաստիացնում են, որ նրանք նման աշխատանքներում ներգրավվում են իրենց դիմումների համաձայն, մինչդեռ նման իրավիճակը համատարած բնույթ է կրում ՀՀ ԱՆ բոլոր ՔԿՀ-ներում, ինչը հիմք է տալիս կարծելու, որ այդ դիմումները սեփական նախաձեռնությամբ չեն ներկայացվում։ ԼԳԲՏ ազատազրկված անձինք քիչ են բարձրաձայնում իրենց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, ինչը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ԼԳԲՏ անձինք չեն ցանկանում, որ իրենց կարգավիճակը բացահայտվի այլ անձանց շրջանում, կամ իրենց դիմումի արդյունքում կրկնազոհացման (վիկտիմիզացիայի) ենթարկվելու վտանգի մտավախություն ունեն, կամ էլ իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը չեն ընկալում որպես խնդիր, նշելով` «մենք մեր տեղը գիտենք»։ Մինչդեռ վերջին 3 տարիների ընթացքում Դիտորդների խումբը բազմաթիվ ահազանգեր է ստացել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող ԼԳԲՏ անձանցից, որոնք հիմնականում վերաբերել են պահման պայմաններին, առողջության հետ կապված խնդիրներին, նրանց կողմից տարբեր պատճառներով կատարված ինքնավնասումների, ՔԿՀ վարչակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքի և անվտանգության դեպքերին»,-ասված է Խմբի տեղեկանքում։

2016 թվականի ընթացքում Դիտորդների խումբը ԼԳԲՏ ազատազրկված անձանցից ստացել է 21, 2017-ին`14, 2018-ի հունվարից օգոստոս ամիսների ընթացքում 11 ահազանգ ՀՀ տարբեր ՔԿՀ-ներից: 

Հ. Մանուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ