...

Եթե խելք չունես՝ լեգիտիմությունը չի օգնի

Եթե խելք չունես՝ լեգիտիմությունը չի օգնի

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Երբ որ մենք ասում ենք անվտանգություն, առաջինն ասում ենք բանակ։ Բանակը պետք է վերջում ասենք․․․ Մենք ասում ենք, որ մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է»։

Խնդիրը նույնիսկ այն չէ՝ հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ իր այդ հայտարարությամբ Հայաստանը հռչակում է ագրեսոր երկիր, իսկ ինքն իրեն ու ՀՀ զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմին՝ պոտենցիալ ռազմական հանցագործներ, որովհետև հենց ինքն էր 44-օրյա պատերազմի օրերին կոչ անում գնալ և կռվել «մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններից» դուրս, նոյեմբերի 9-ին էլ իր ստորագրությամբ պարտավորվեց զորքերը դուրս բերել Աղդամի, Քելբաջարի ու Լաչինի շրջաններից, այսինքն՝ ընդունեց, որ հենց Հայաստանի զորքն է եղել «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից» ներս։ Լավ, ենթադրենք՝ հասկանում է, բայց այդ պահին ուրիշ ճար չուներ։ Բայց գոնե հիմա հասկանո՞ւմ է, որ ժամանակակից աշխարհում «լեգիտիմության գծերը» որևէ երկրի անվտանգությունը երաշխավորել չեն կարող, առավել ևս՝ մեր տարածաշրջանում։

Սիրիայի կամ Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանները խանգարո՞ւմ են, որ Թուրքիան այդ երկրների տարածքներում ռազմական գործողություններ իրականացնի։ Գուցե Ուկրաինային ու Վրաստանի՞ն օգնեցին միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Վերջին հաշվով՝ մեր «լեգիտիմության գծերի» առկայությունը խանգարե՞ց Ադրբեջանին ներխուժել Սյունիք ու Սևանի ավազան։ Եթե ոչ՝ ինչի՞ հիման վրա ենք պնդում, որ մեր անվտանգության հիմնական երաշխիքը լեգիտիմությունն է։

Իրականում մեր (և ընդհանրապես՝ որևէ փոքր երկրի) անվտանգության կարևորագույն երաշխիքը ոչ թե լեգիտիմությունն է, այլ պետության ղեկավարի խելքը և ճկունությունը։ Սա իր հերթին նշանակում է, որ մեր (և ընդհանրապես՝ որևէ փոքր երկրի) անվտանգության հիմնական սպառնալիքը պետության ղեկավարի բացարձակ բթամտությունն է և բութ մարդկանց հատուկ համառությունը։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի 6-ամյա գործունեությունն այս իրողության դասագրքային ապացույց է․ իսկապես բացառիկ բթամտություն էր պետք, որպեսզի հնարավոր լինի ընդամենը 6 տարում «հաջողացնել» հիմնավորապես փչացնել հարաբերությունները պոտենցիալ դաշնակիցների հետ, հետո երկիրը տանել պատերազմի, փնթի ղեկավարման արդյունքում ջախջախիչ պարտություն կրել, հայաթափել մի ամբողջ երկրամաս, որը 3 հազար տարի անընդմեջ բնակեցված է եղել հայերով, հետո «հաջողացնել» ավելի սրել հարաբերությունները տարածաշրջանային բոլոր երկրների հետ՝ դրսից «փրկիչներ» հրավիրելով, ստանալ միայն դատարկ խոստումներ ու հայտարարել, թե միևնույն է՝ համառորեն գնալու է նույն ճանապարհով․․․ 

Ուշադրություն դարձրեք՝ «մեր անվտանգության երաշխիքը մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններն են» թեզն ինքնին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը դրա հետ որևէ կապ չունի։ Որովհետև եթե իր փոխարեն ՀՀ վարչապետ լինի, ասենք, որևէ ուսապարկ կամ անգամ ՔՊ քայլերթին մասնակցած հանրահայտ Չալոն, դրանից ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները չեն փոխվի։ Ավելին՝ ցանկացած ուսապարկ (անգամ ՔՊ քայլերթին մասնակցած հանրահայտ Չալոն) փոքր-ինչ վարժեցվելու դեպքում ի վիճակի կլինի տեսախցիկների առջև նույնպիսի վարպետությամբ վեր պարզել Հայաստանի քարտեզի ուրվագիծը։ Հարց է ծագում՝ բա էլ մեր ինչի՞ն է պետք Նիկոլ Փաշինյանը։

Ի վերջո Հայաստանին պետք է ղեկավար, որը սեփական գլուխը կօգտագործի ոչ միայն կեպի դնելու համար, ու քանի դեռ այդ պայմանը չի իրագործվել՝ Հայաստանն անվտանգության ոչ մի երաշխիք չի ունենալու։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ