...

Եթե ըստ Նիկոլի պիտի մեր մասին պատկերացում կազմեն․․․

Եթե ըստ Նիկոլի պիտի մեր մասին պատկերացում կազմեն․․․

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային»։ Ուշադրություն դարձրեք՝ չի ասում «իմ պատկերացումները», ասում է «մե՛ր պատկերացումները»։ Այսինքն՝ սեփական, մեղմ ասած, քաղաքական տհասությունը վերագրում է ողջ ժողովրդին։ 

Իսկ որ «աշխարհը և միջազգային հարաբերությունները» հասկանալու հարցում Նիկոլը լուրջ բարդություններ ունի՝ վաղուց է ակնհայտ։ Հակառակ դեպքում պատահաբար պետության ղեկավարի աթոռին հայտնվելուց ու տեսախցիկների առջև «կաստում-շըլվարի» կոճակները մի կերպ կոճկելուց հետո «մուննաթ չէր գա» Արևմուտքի վրա, որ ահա ինքը աշխարհում չլսված-չտեսնված հեղափոխություն է արել, իսկ իրեն քիչ փող են տալիս, Սոչիի օդանավակայանում միտինգ չէր անի ու չէր հոխորտա, թե Ռուսաստանը պարտավոր է հաշվի նստել նոր իրողությունների հետ, 44-օրյա պատերազմի ընթացքում Եվրոպային չէր սպառնա, թե «եթե հիմա մեզ չօգնեք՝ թուրքերի դեմը Վիեննայի պատերի տակ եք առնելու», պատերազմից հետո չէր ասի «ուզում եմ Թուրքիային պարզ հարց տալ՝ դուք ուզում եք մեզ ցեղասպանե՞լ, թե՞ ոչ», ու Ալիևին չէր հարցնի՝ «Ձեր կարծիքով ՀՀ տարածքը քանի՞ հազար քառակուսի կիլոմետր է», և այլն։ Այս հայտարարություններից յուրաքանչյուրը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարաբերությունների մասին մոտավորապես նույնքան պատկերացում ունի, որքան սովորական ծաղկակաղամբը, բայց արի ու տես, որ նա մակերեսային է անվանում ոչ թե իր, այլ մե՛ր պատկերացումները։ 

Սա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թերևս ամենահաջողված քաղաքական հնարքն է, կամ՝ անկեղծ մոլորությունը։ Նա ինքն իրեն համարում է «ժողովրդի ծոցից ելած», անընդհատ ասում է «ես ձեզանից մեկն եմ», ու իր բոլոր արատները վերագրում է ժողովրդին։ Օրինակ՝ իր համար կյանքի գերագույն նպատակը կուշտ փորով հաց ուտելն ու գինու շշի կողքին փռվելն է, ու նա հայտարարում է, թե ժողովրդի հիմնական ցանկությունն էլ է հենց դա, ինքը զինվորական ծառայությունից խուսափել է ու համարում է, որ ժողովուրդը սեփական հայրենիքը պաշտպանելու ոչ մի ցանկություն էլ չունի, հայ ժողովուրդն էլ, իբր, իրեն հենց այդպիսի ուղերձ է հղել, ինքը բացարձակապես զուրկ է արժանապատվությունից (հակառակ դեպքում ստորաքարշ ժպիտով չէր սեղմի այն մարդկանց ձեռքը, որոնք իրեն վիրավորել են ամենավերջին բառերով, իսկ եթե այլ տարբերակ չկա՝ պարզապես կնախընտրեր «9 գրամանոց ելքը»), բայց անընդհատ քարոզում է, թե մեր ժողովո՛ւրդն է զուրկ արժանապատվությունից, դրա համար էլ, իբր, պատրաստ է ցանկացած ստորացման՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»․․․ Մի խոսքով՝ մարդը չտեսի փայլփլող աչքերով դուռում է խեղդում ու քյալլա պատառոտում, հեծանիվ քշում, «մուֆթա» առանձնատունը «ռեմոնտ անում» հարկատուներից քերած 2 միլիոն դոլարով, ու վստահ է, որ ինքը մեր ժողովրդի մեծամասնության երազանքների մարմնացումն է՝ բոլորի երազանքը հենց իր նման ապրելն է, ու ոչ ավելին։ Ի՞նչ հայրենիք, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ ապագա, «այ ախպեր, սաղ սութ ա»։

Իսկ ամենաահավորն այն է, որ նույն Նիկոլի ասած «մեր մասին աշխարհի պատկերացումներն» էլ են ձևավորվում ըստ նրա պահվածքի։ Աշխարհը տեսնում է, չէ՞, կյանքի գերագույն նպատակը կուշտ փորով հաց ուտելը հռչակած ու դրա անունը «մարդկային երջանկություն» դրած, դուռում խեղդող, հեծանիվ քշող կամ խմած-մրափած «մեծարգո պարոն Փաշինյանին», ու տեսնում է նաև, որ նա շարունակում է մնալ պետության ղեկավար։ Ու ի՞նչ եք կարծում, դրանից հետո ինչպիսի՞ն պիտի լինի «մեր մասին աշխարհի պատկերացումը»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1921 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ