Տեսնես ընդդիմության այն հատվածը, որ իրեն անվանում է 17 կուսակցությունների միավորում, ինչի՞ց է որոշել, թե ժողովուրդը հիմա զվարճանալու ցանկություն ունի: Այո, միայն զվարճանալու ցանկությամբ կարող է պայմանավորված լինել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը որպես վարչապետ շրջանառության մեջ դնելը:
Մի փոքր այլ է անձամբ Վազգեն Մանուկյանի պարագան: Իհարկե, մարդը 32 տարի է, ինչ երազում է դառնալ Հայաստանի ղեկավար: Բայց հիմա, կյանքի 8-րդ տասնամյակում, նա վերջապես պետք է հասկանար, որ ինչ-որ մեկը կամ մի քանիսը իր հետ չար կատակ են խաղում: Այդ մարդիկ ոչ միայն չար կատակ են խաղում, այլև չար են իրենց բնությամբ: Չար են, որովհետև վերջերս սրտի վիրահատություն տարած Վազգեն Մանուկյանի սիրտը կարող է չդիմանալ հերթական կորսված շանսին՝ երկրի ղեկավար դառնալու և ի վերջո չդառնալու երազանքին: Ո՞վ է պատասխան տալու, որ ձեր հումորների պատճառով տուժի պարոն Մանուկյանի սիրտը:
Մանուկյանի թեկնածության անլրջության մասին է խոսում նաև նրա տիկնոջ ֆեյսբուքյան ակտիվությունը: Մանուկյանի, Քոչարյանի կամ Սարգսյանի դեմ գրառումներ և մեկնաբանություններ գրողներին նա հակադարձում է այնպիսի բառամթերքով, որ որևէ դեպքում հարիր չէ ապագա վարչապետի կնոջը:
Հետաքրքիր է, ինչպե՞ս է Հայաստանը ներկայացնելու մեկը, ով տասը տարի հպարտորեն կրել է «իդիոտ» մականունը: Ի՞նչ է պատասխանելու Մանուկյանը, եթե օտարերկրյա ղեկավարներից մեկը իրեն կրկին անվանի «իդիոտ»՝ նշելով, որ դա իր բնորոշումը չէ, պարզապես Սերժ Սարգսյանից է լսել: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը ոչ միայն չհակադարձեց Սերժ Սարգսյանին, այլև հպարտորեն նրա ձեռքից վերցրեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը:
Վերցրեց պաշտոնը և տասը տարի ձայն չհանեց: Չհանեց ոչ միայն Սարգսյանի պաշտոնավարման տարիների, այլև նրա նախկինի կառավարման ժամանակաշրջանի վերաբերյալ: Մինչդեռ անգամ մանկահասակ երեխային է պարզ, որ այսօրվա պարտության հիմքերը դրվել են այդ տարիներին. առաջին անգամ 1998 թվականի փետրվարի 3-ին՝ Առաջին նախագահի հրաժարականի օրը, երկրորդ անգամ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Օր, երբ Վազգեն Մանուկյանը չէր կարողանում զսպել իր ուրախությունը, քանի որ բացված հեռանկարների մեծ հնարավորություն էր տեսնում:
Կարծում ենք, որ Մանուկյանի թեկնածությունը շրջանառության մեջ դնելն ավելի շուտ տակտիկական քայլ է 17-ի կողմից: Քանի որ հանրությունը պահանջում է անուն, նրանք տալիս են Մանուկյանի անունը՝ այս փուլում թիրախավորումից հեռու պահելով իրական թեկնածուին: Մինչ այս պահին հանրությունը կկենտրոնանա Մանուկյանի անվան վրա, կուլիսներում կպատրաստեն իրական թեկնածուին:
Իսկ եթե մեր կանխատեսումը սխալ է, և 17-ը իրապես մտադրված են Մանուկյանին վարչապետ կարգել, ապա նրանք բոլորը նախ պետք է հոգեբանական առողջության թեստ անցնեն: Պատասխանեն մի շարք կարևոր հարցերի՝ ո՞վ են իրենք, ի՞նչ են ցանկանում այս կյանքում, դեպրեսիայի շրջանո՞ւմ են, թե՞ ոչ, ունե՞ն արդյոք հետապնդող մտքեր: Վերջին հարցին հազիվ թե կարողանան բացասական պատասխան տալ:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020