Շատերը զարմացել են գերիների փոխանակման վերաբերյալ Արմեն Աշոտյանի, Արփինե Հովհաննիսյանի, Միհրան Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի և մյուսների արձագանքից: Մարդիկ զարմացած հարցնում են, թե ինչպե՞ս կարող են հայ մարդիկ այդտեղ էլ քաղաքական ճղճիմություն դրսևորել ու փորձել անգամ նման պայմաններում միավորներ վաստակել:
Բայց զարմանալու ոչինչ չկա: Այդ մարդիկ անկեղծ են և չեն դավաճանում իրենց քաղաքական կրեդոյին: Իսկ նրանց քաղաքական կրեդոն է՝ մարդը արժեք չէ, կարևորը իշխանությունն է:
Հիշյալ ուժերին ոչինչ չէր խանգարի ադրբեջանցի դիվերսանտներին հանձնելու և դրա դիմաց 44 հայ ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ չարտահայտվել: Այնպես չէ, որ սա միակ խնդիրն է: Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը հազար ու մի բացթողում ունեն և կարելի էր դրանց վրա կենտրոնանալով՝ այս մեկի վրա չֆիքսվել:
Բայց կրկնում ենք՝ նրանք իրենց նման ճոխություն թույլ տալ չէին կարող, որովհետև դավաճանած կլինեին իրենց բնությանը: Իսկ իրենց բնությունը՝ քաղաքացու կյանքը գրոշի արժեք չունենալն է:
Քաղաքական բազում հանցագործություններ կատարածների համար չի կարող արժեք ունենալ գերի ընկածի ճակատագիրը: Իշխանության պահպանման համար 10 անզեն քաղաքացու կյանքը խլելուց հետո լրիվ բնական է նաև նման քամահրական վերաբերմունքը գերիների ճակատագրի հանդեպ:
Այն իշխանությունը, որ քաշկռտում և ստորացնում էր սևազգեստ մայրերին, չի կարող մտահոգություն ունենալ գերիների՝ Ադրբեջանում պահվելու պայմանների հետ կապված: Նրանց համար նրանք օգտագործված «մատերիալ» են:
Արիս Վաղարշակյան
Հ.Գ. Ազգ-բանակի գաղափարախոսները, որոնք այսօր քննադատում են դիվերսանտներին վերադարձնելը, բայց սիրում են մշտապես օրինակ բերել Իսրայելը, ճիշտ կանեն հիշեն իսրայելցի ռազմագերի Գիլադ Շալիթի պատմությունը: Նրա ազատարձակման համար Իսրայելը ստիպված եղավ ավելի քան 1000 պաղեստինցի ահաբեկչի ազատել: