...

«Գլխանց» նախապատրաստում են սոցիալական կատակլիզմին

«Գլխանց» նախապատրաստում են սոցիալական կատակլիզմին

Իշխանությունների վերջին մի քանի որոշումները՝ Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» գումարի կտրուկ բարձրացումը, վարձով տրվող բնակարանների համար «չորով» հարկեր պահանջելը, վրացական համարներով ավտոմեքենաներից մաքսատուրքեր գանձելը և այլն, պետք է դիտարկել ընդհանուր տրամաբանության մեջ․ իշխանություններին «վիզ» փող է պետք։ Շատ փող։ Բայց պատճառն ամենայն հավանականությամբ ոչ թե այդ որոշումները կայացնողների ագահությունն ու բթամտությունն է (թեև նրանց մեծ մասն իսկապես էլ և՛ ագահ է, և՛ բութ), այլ այն, որ հասարակությանը պետք է նախապես պատրաստել «գոտիները ձգելուն»։ 

Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրման և ԵԱՏՄ-ից դուրս գալու «օրակարգի» իրականացման դեպքում անխուսափելի տնտեսական կատակլիզմներին ցանկալի է նախապատրաստվել «գլխանց», որպեսզի ժողովուրդը միանգամից չհայտնվի շոկի մեջ, և երկրորդ՝ որքան մարդիկ ավելի վատ ապրեն, այնքան ավելի անհամբերությամբ կսպասեն «խաղաղության խաչմերուկի» արդյունքում խոստացվող սոցիալ-տնտեսական զարգացմանը և ըստ այդմ էլ ավելի հեշտությամբ կհամակերպվեն դրա դիմաց Հայաստանի վճարելիք գնին։ 

Հենց այս երկու հեռուն գնացող նպատակներն են պատճառը, որ «գոտիները ձգելու» որոշումներն ուղեկցվում են համապատասխան քաղաքական քարոզչությամբ՝ «մեր առաջնահերթությունը տնտեսական զարգացումն է», «Ռուսաստանը մեզ պատժում է՝ մենք էլ նոր շուկաներ կգտնենք», «ձրի գազը միայն թակարդում է լինում», «ինչպես պաշտպանության ոլորտում մեր մատակարարումները դիվերսիֆիկացրեցինք՝ այնպես էլ էներգետիկ ոլորտում կանենք», և այլն։ Դրա համար էլ, օրինակ, իշխանություններն ամեն ինչ արեցին, որ բենզինը Հայաստանում կրկնակի թանկ լինի, քան ԵԱՏՄ ցանկացած այլ երկրում, և ուրախ կլինեն, եթե Ռուսաստանն առաջիկայում թանկացնի Հայաստանին վաճառվող գազը։ Որովհետև այդ դեպքում Ադրբեջանից ստացվելիք համեմատաբար էժան բենզինն ու գազը հասարակության առնվազն մի մասը կընկալի որպես «երկնային մանանա»։ 

Իսկ իշխանական քարոզչությունը կգործի (և արդեն իսկ գործում է) սովոր մեխանիզմով։ Ժողովրդին հնարավոր բոլոր ձևերով «տուգանքի մատերիալ» դարձնելն ու հարկային տեռորը կներկայացնի որպես անխուսափելի զրկանք՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, անգամ՝ որպես համարյա «նոր Ավարայր» կամ «նոր Սարդարապատ»։ Նիկոլ Փաշինյանն էլ, վստահաբար, ճարտար լեզվով ժողովրդին կապացուցի, որ իրականում այդ ամենի համար նախկիններն են մեղավոր, գազը նրա՛նց օրոք է թանկացել (պարզապես Հայաստանը դրա համար վճարում էր ենթակառուցվածքներով, իսկ ժողովուրդը «խաբար չէր»), Հայաստանը նրա՛նց օրոք է դարձել աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը (պարզապես խոպանչիները Ռուսաստանից փող էին ուղարկում, ու ժողովուրդը լավից-վատից ապրում էր, բայց Հայաստանը դրա դիմաց Ռուսաստանին վճարում էր իր ինքնիշխանությամբ), և այսպես շարունակ։ Վահագն Խաչատ(ու)րյանն էլ հաստատ ինչ-որ առիթ կգտնի՝ հայտարարելու համար, թե այսօրվա տնտեսական կատակլիզմի հիմքերը դրվել են 1991-ի դեկտեմբերին, երբ Հայաստանը դարձավ ԱՊՀ անդամ։

Մի խոսքով՝ ամենայն հավանականությամբ կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից ու Արցախի կորստից հետո։ Սկզբից հռչակվեց «նոր Սարդարապատ», հետո՝ Արցախի կորուստ, հետո՝ «Ղարաբաղը վաղուց էր հանձնված», հետո՝ «դա այն գինն էր, որը չէինք կարող չվճարել, եթե իսկապես ուզում ենք ապրել խաղաղ ու ինքնիշխան», հետո՝ «ցավոք՝ չստացվեց, որովհետև պարզվեց, որ խաղաղությունը միայն մեզանից չի կախված»․․․ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ