Համաշխարհային տնտեսական ճգնաժամը գործունեության մեծ դաշտ է ստեղծել տարատեսակ պոպուլիստների համար: Որքան երկար տևի կորոնավիրուսի հաղթարշավը և արդյունքում տնտեսության փլուզումը, նրանց դիրքերն ավելի են ամրապնդվելու: Եվ սա միայն հայկական երևույթ չէ:
Բայց, ինչպես միշտ, հայկական պոպուլիզմը նույնպես իր առանձնահատկությունն ունի: Եթե աշխարհում պոպուլիզմի միջոցով քաղաքական դիրքեր են նվաճում կամ ամրապնդում այն ուժերը, որոնք մինչև ճգնաժամը եղել են մեծ քաղաքականության լուսանցքում, ապա Հայաստանում ընձեռված հնարավորությունից առաջինը փորձում են օգտվել այն ուժերը, որոնք երկար տարիներ ունեցել են գործադիր և օրենսդիր իշխանության լծակներ:
Երեկ կառավարությունն ընդունեց որոշում, որով կիսով չափ կփոխհատուցի այն քաղաքացիների կոմունալ վճարները, ովքեր փետրվար ամսին գազի սպառման համար վճարել են 10000 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի դիմաց՝ 5000 դրամ:
Այս որոշումն առաջինը շտապեց քննադատել և ծաղրել քոչարյանական և սարգսյանական մեդիան, այնուհետև էստաֆետը վերցրեցին նախկին իշխանությունների տրամադրության տակ գտնվող հաստիքային քննադատները, իսկ վերջում հերթը հասավ խորհրդարանական ընդդիմությանը:
Ընդդիմության ծաղրանքը և քննադատությունը մի փոքր արժեքավոր կլինեին, եթե մատնանշվեին ֆինանսական կոնկրետ աղբյուրներ, որոնք կարելի է կրճատել կամ սառեցնել և ուղղել ազգաբնակչության հոգսերի թեթևացմանը: Չկա այսպիսի քննադատություն, միայն բղավոց է, թե քիչ է՝ առանց հաշվի առնելու պետության հնարավորությունները:
Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ են պետության հնարավորություններն այդքան սուղ: Սուղ են, որովհետև նախորդ երկու ռեժիմները երբևէ մտահոգված չեն եղել մրցունակ տնտեսություն կառուցելու հրամայականով: Երկրի և տնտեսության նկատմամբ վարվել են ասպատակիչների գործիքակազմով և հոգեբանությամբ: Թալանել են երկիրը, իսկ յուրացված գումարների առյուծի բաժինը հանել են երկրից և մեկ այլ երկրում բիզնես գործունեություն ծավալել: Նրանց թալանելը այսքան ավերիչ հետևանքներ չէր ունենա, եթե այդ գումարների մեծ մասը կրկին ներդրվեր Հայաստանում, թեկուզև իբրև իրենց սեփականություն: Բայց նրանք հասկանալով մի օր իրենց մերժվելու հեռանկարը՝ հանել են այդ փողերը Հայաստանից:
Եվ հիմա նրանց կոկորդիլոսի արցունքները նման են այն գողի վարքագծին, որը, մտնելով արդեն թալանված տուն, բողոքում է, թե ինչու տանտերը արագ չի վերականգնել թալանածը:
Գործող իշխանությանը կարելի է մեղադրել միայն մեկ բանում: Այսօրվա շատ «քննադատներ» ոչ թե պետք է ունենային մեդիաներ և գրասենյակներ, այլ լինեին կալանավայրերում: Այս հարցում իսկապես կարելի է շատ երկար և բովանդակային քննադատության ենթարկել գործող իշխանությանը:
Արիս Վաղարշակյան