...

«Գովազդային դադար»՝ Հայաստանի համար մեծ խաղի հաջորդ փուլից առաջ

«Գովազդային դադար»՝ Հայաստանի համար մեծ խաղի հաջորդ փուլից առաջ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ առաքելության ժամանումը Ստեփանակերտ համարել է ուշացած ու հայտարարել, թե «այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը»։ Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանը կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից, որովհետև իրականում բառացիորեն ժամեր անց ՄԱԿ առաքելությունն արեց ճիշտ հակառակը՝ արձանագրեց, որ Ղարաբաղում ոչ մի էթնիկ զտում էլ չի եղել։ Համաձայնվեք, որ մարդն ուղղակի տխմար պիտի լինի՝ չհասկանալու համար, որ ի սկզբանե այդ «առաքելությանը» հենց դրա համար էլ տարել էին արդեն լիովին դատարկ Ստեփանակերտ, ու այդ «առաքյալներն» էլ շատ լավ տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել իրականում, բայց իրենց աշխատանքն է այդպիսին՝ ձևացնել, թե ոչինչ չեն տեսնում, ու ամեն ինչ նորմալ է։ Ոչ մի ցինիզմ, «միայն բիզնես», իսկ տվյալ դեպքում՝ միայն աշխարհաքաղաքական շահեր։

Առավել ևս՝ որ պակաս ցինիզմ չէր նաև Լավրովի այն հայտարարությունը, թե իրենք շարունակում են աշխատել Ադրբեջանի հետ «Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով, որպեսզի այնտեղ պայմաններ ստեղծվեն հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի համար» ու հույս հայտնելը, թե «Երևանը նույնպես պիտի հետաքրքրված լինի այդ հարցով» (այսինքն՝ հետո՞ ինչ, որ Ղարաբաղում այլևս հայեր չկան, երեք տարի հայերին «կուտ ենք տվել», որ կապահովենք արցախահայության անվտանգությունը, հիմա չե՞նք կարող մի երկու տարի էլ «կուտ տալ», թե իբր հնարավոր է նրանց վերադարձը, ու հիմա էլ ա՛յդ ձևով նրանց պահել կախվածության մեջ)։ Կամ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի կարգավիճակից բացի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուրիշ վիճելի հարցեր էլ կան, ու պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ (այսինքն՝ հետո՞ ինչ, որ Ղարաբաղն այլևս չկա, բայց դուք դեռ իրար հետ կռիվ ունեք, արագ հարցերը լուծեք՝ քանի դեռ Ռուսաստանի «գլուխը խառն ա»)։ 

Եթե համադրում ենք բոլոր այս հայտարարությունները՝ հասկանալի է դառնում, որ Արցախի կորստով իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն չի կայունանում, այլև թևակոխում է հաջորդ՝ շատ ավելի վտանգավոր փուլ։ Պատճառը շատ պարզ է․ որովհետև ոչ Ադրբեջանն ու Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը չեն հասել իրենց առջև դրված վերջնական նպատակին։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են վերջապես ազատվել «անիծյալ սեպից» ու վերահսկել Սյունիքն ամբողջությամբ, մյուս մարզերում էլ ադրբեջանական հոծ բնակչություն ունենալ, ու առայժմ դրան չեն հասել։ Ռուսաստանն ուզում է վերահսկել Հայաստանի բոլոր ենթակառուցվածքները, երկիրն էլ վերածել դուրս պրծնելու փորձերից վերջնականապես հրաժարված հլու-հնազանդ «ֆորպոստի»՝ ցանկացած իշխանության համար Կրեմլի «դաբրոյի» պարտադիր լինելով, ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելով, և այլն, ու առայժմ չի հասել դրան։ Արևմուտքն ուզում է ռուսներին վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից, Իրանին էլ հյուսիսից «փակել», ու նույնպես առայժմ չի հասել այդ նպատակին։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի տարածաշրջանային հիմնական խաղացողները կիսատ թողնեն խաղը, եթե որևէ մեկը դեռ իր նպատակին չի հասել, ու բոլորն էլ համարում են, որ հաջողության հասնելու լավ շանսեր ունեն։ Բացառությունը թերևս միայն Իրանն է, դա էլ՝ միայն այն պատճառով, որ այդ երկիրը «խաղը» շարունակելու դեպքում որևէ բան շահելու շանս չունի, կարող է միայն կորցնել, հետևաբար՝ անընդհատ հանդես է գալիս աշխարհաքաղաքական փոփոխությունների դեմ։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին (եթե մի պահ համարենք, որ Հայաստանն իշխանություններ ունի), ապա անձամբ Նիկոլ Փաշինյանին երևի ձեռնտու է, որ Հայաստանի համար «մեծ խաղը» շարունակվի։ Որովհետև նախ՝ բոլոր արտաքին խաղացողների համար էլ իր նման աջուձախ բոլորին անձնատուր լինելու պատրաստ ղեկավարը գտածո է, իսկ երկրի ներսում էլ չի կարելի ժողովրդին թույլ տալ թեկուզ մի քանի ամսով արհավիրքներից ուշքի գալ, որովհետև հենց որ մարդիկ ուշքի գան ու հաղթահարեն առաջին սթրեսը՝ «գնալու են իր ետևից»։ 

Այստեղից էլ, ի դեպ, 100 հազար արցախցիների տեղավորման ու աջակցության շուրջ ստեղծված ահավոր խառնաշփոթը։ Մարդիկ պիտի որքան հնարավոր է՝ երկար ժամանակ զբաղվեն այդ խնդիրներով, որպեսզի հանկարծ շունչ քաշելու և այլ բաների մասին մտածելու հնարավորություն չունենան։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ