Թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարները ստուգելով և լրացուցիչ գումար պահանջելով՝ հասկանալի է։ Ադրբեջանը ցանկանում է խիստ բարդացնել հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տրանզիտն ամբողջությամբ ապահովել իր տարածքով։ Սա միանգամայն տրամաբանական է, կարողանում են՝ անում են։ Իսկ ահա Հայաստանի իշխանությունների գործողություններում որևէ տրամաբանություն չկա, և ահա թե ինչու։
Վստահաբար՝ Նիկոլ Փաշինյանն արդեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս գիտեր, որ ադրբեջանցիները վաղ թե ուշ այդ ճանապարհը կամ ընդհանրապես փակելու են, կամ սահմանային անցակետեր են տեղադրելու և վերահսկելու են շարժը։ Ինքն էր, չէ՞, ասում, որ այդ հարցով «բանավոր փոխըմբռնում» կա։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները գրեթե մեկ տարի ժամանակ ունեին և կարող էին շրջանցիկ «նորմալ գրունտային ճանապարհը» հիմնանորոգել այնպես, որ հայ-իրանական բեռնափոխադրումներն իրականացվեին այդ ճանապարհով։ Առավել ևս, որ Հյուսիս-հարավ մայրուղին հենց այդպես էլ նախագծված էր, ահագին աշխատանքներ արված էին, ու ամեն ինչ զրոյից չէին սկսելու։ Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արել։ Ոչ թե այն պատճառով, որ մտածում էին, թե ադրբեջանցիները «չեն ֆայմի» փակել ճանապարհը կամ որպես «բարեկիրթ հարևան»՝ չեն ցանկանա վատություն անել մեզ, այլ որովհետև եթե սկսեին շրջանցիկ ճանապարհի շինարարությունը՝ Հայաստանում աղմուկ կբարձրանար, բոլորը կխոսեին այն մասին, որ այս իշխանությունները որոշել են հանձնել Գորիս-Կապան ճանապարհը, և Նիկոլի վարկանիշը կընկներ։
Այլ կերպ ասած՝ այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանը վարվել է ճիշտ այնպես, ինչպես հոկտեմբերի կեսերին պատերազմը դադարեցնելու հնարավորության դեպքում, երբ գնացել է ամենակործանարար ճանապարհով, որպեսզի հանկարծ իրեն դավաճան չասեն։ Այս անգամ էլ, որպեսզի քաղաքական հակառակորդներին լրացուցիչ կռվան չտա, վտանգի տակ է դրել հայ-իրանական տրանսպորտային կապերը (որովհետև մինչև նորմալ շրջանցիկ ճանապարհ կառուցվի՝ տրանսպորտային ընկերություններից շատերն իրենց համար տրանզիտի նոր ուղիներ կգտնեն)։ Մի խոսքով՝ պետության շահերը ստորադասել է իր անձնական շահերին։
Մինչդեռ Ադրբեջանն իր շահերն առաջ է տանում բավականին հետևողականորեն, ընդ որում՝ այդ երկրի բոլոր հետագա քայլերը միանգամայն կանխատեսելի են։ Օրինակ՝ ակնհայտ է, որ հաջորդ փուլով նրանք անկլավների հարցն են բարձրացնելու, և նույնպիսի խնդիրներ են առաջանալու նաև Արարատի ու Տավուշի մարզերում (չէ՞ որ «բանավոր փոխըմբռնումը» նաև սահմանի այդ հատվածներին է վերաբերում, ու մեկ էլ տեսար՝ Նիկոլ Փաշինյանը մի օր հայտարարեց, թե «Քյարքիի» ու «Յուխարի Ասկիպարայի» հատվածներում խնդիրներ են առաջացել, և ինքը հուսով է, որ ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև բանակցությունները դրական արդյունք կտան)։
Ի՞նչ պիտի անեն Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում։ Բնականաբար՝ պիտի հաշվարկեն Ադրբեջանի հաջորդ քայլերը և մի քանի ուղղություններով հակաքայլեր ձեռնարկեն, այդ թվում՝ նաև նորմալ շրջանցիկ ճանապարհներ ունենալու ուղղությամբ, որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք։ Սա, հասկանալի է, չի նշանակում հրաժարվել այսօրվա ճանապարհներից, հակառակը՝ պետք է ամեն ինչ անել դրանք մեր լիակատար վերահսկողության տակ պահելու համար։ Բայց տարածաշրջանը տուրբուլենտության փուլում է, և հաղորդակցության պահեստային ուղիներ ունենալն անհրաժեշտություն է։
Եթե անգամ իշխանություններն այդ գումարները կարող են ծախսել ավելի «գունագեղ» նպատակներով։
Մարկ Նշանյան