...

Գյումրին՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի խտացված մոդել

Գյումրին՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի խտացված մոդել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի և «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների կողմից մանդատները վայր դնելուց հետո իրենք, իհարկե, ուզում են քաղաքում հասնել իշխանության, բայց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումները բացարձակապես որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։

Դե իհարկե, ի՞նչ քաղաքական ենթատեքստ։ Պարզապես 2021-ի ընտրություններում «Բալասանյան դաշինքը» հաղթել է, ՔՊ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը, համագործակցության հուշագիր են ստորագրել, հետո հուշագիրը խզվել է, ու «զուտ պատահաբար» իրավապահները Սամվել Բալասանյանին հեռակա կարգով ձերբակալելու որոշում են կայացրել, նրա որդուն ձերբակալել ու 70 մլն դրամ գրավի դիմաց ուղարկել են տնային կալանքի, ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, և այլն։

Ծանոթ մոդել է, չէ՞։ Տեղի են ունենում ընտրություններ, առաջին երկու տեղերը զբաղեցնում են ենթադրաբար կոռումպացված ուժերը՝ ենթադրաբար կոռուպցիոն մեխանիզմներով, իրար հետ «ջանջիգյարային հարաբերություններ» են հաստատում, բայց հետո Հայաստանում միահեծան իշխանություն ունեցողը չի հանդուրժում առանձին մի քաղաքում երկրորդը լինելու փաստը, գզրոցից հանում է վաղուց փոշու մեջ կորած ինչ-որ թղթապանակ, և վերջ․ հարցը լուծված է։ Ճիշտ նույն մոդելն էլ գործում է կենտրոնական իշխանությունների դեպքում։ Իշխանություններն ինչքան նախկին կոռումպացված կա՝ որպես ընդդիմություն տանում-լցնում են խորհրդարան, ու հենց որ սրանք փորձում են թփրտալ՝ գզրոցից հանում կամ վերաթարմացնում են որևէ քրեական գործ, և վերջ։ Բայց քանի որ իրենք է՛լ պակաս կոռումպացված չեն՝ «միջնաժամկետ կտրվածքով» սա հանգեցնելու է արատավոր շրջանի, ու ամեն անգամ իշխանափոխությունից հետո նախկինները հայտնվելու են միաժամանակ երկու վայրում՝ խորհրդարանում (որպես ձեռնասուն ընդդիմություն) և բանտերում (եթե իրենց խելոք չպահեն)։

Պարզ ասած, իշխանություններ-ընդդիմություն հարաբերություններում գործելու է «գյումրեցի Օնիկի մոդելը», որը ժամանակ առ ժամանակ փոխում էր իր կեցության վայրն ու երբեմն բանտի դիմաց էր ապրում, երբեմն՝ իր տան դիմաց։ Եթե, իհարկե, չձևավորվի ընդդիմադիր ուժ, որի առանցքային դեմքերի մասին գզրոցներում թղթապանակներ գտնելը պարզապես անհնար կլինի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ