Դասականը կասեր՝ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, և թերևս ճիշտ կլիներ:
Հայկական ընդդիմությունն իր երեսնամյա պատմության ընթացքում շատ արկածախնդիրների, հաճախորդների, քյարփինջների, օտար մայրաքաղաքներից օգնություն աղերսողների է տեսել, բայց՝ ոչ Բաքվից:
Գործող ընդդիմությունը պատռել է դիմակը և հրապարակային ողջունում է Ալիևի խոսքերը, դրանք կասկածի տակ չի դնում և դրանց վրա հիմնվելով՝ գործող իշխանության նկատմամբ քննադատություն է կառուցում:
Ստեփան Դանիելյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, մարդիկ, որոնք ամենևին Կոնստանտին Տեր-Նակալյանի և Խաչիկ Ասրյանի խելքին չեն, նույնպես լծվել են այդ գործին և Ադրբեջանի ղեկավարին անվանում են խելացի, ուղղամիտ և ազնիվ: Ադրբեջանական քարոզչամեքենան այլևս չի մտածում, թե ինչպես փառաբանի Իլհամին, պարզապես վերցնում և թարգմանում է Հայաստանի ընդդիմադիրների խոսքերը:
Նաիրա Զոհրաբյանը շատ է սիրում խոհափիլիսոփայական էսսեներ գրել շրիշակի մակարդակի մասին: Տեսնես՝ ինքը ո՞ր մակարդակին է հասել, երբ լարվածության և քարոզչական պատերազմի ֆոնին հայտարարում է, թե ևս մեկ պատերազմը Հայաստանի համար կործանարար կդառնա: Բագրատյանի հետ տեղի ունեցածը պետք է որ մի փոքր դաս եղած լիներ տիկնոջ համար:
Հետաքրքիր տրամաբանություն ունեն ընդդիմադիրները: Ալիևը ասում է՝ Փաշինյանը ինձ խաբել է՝ ժամանակ է խնդրել, որ ներքին խնդիրները լուծի և անցնի Արցախի հարցի կարգավորմանը: Ինչպե՞ս կարելի է ըստ էության Փաշինյանի օգտին խոսող հանգամանքը փորձել օգտագործել նրա դեմ: Ընդունենք՝ Ալիևը ճիշտ է, մի հրաշալի ուղղամիտ անձնավորություն է, ասում է այն, ինչ եղել է, բայց դժվար է ընկալել, որ Հայաստանի վարչապետը խաբել է թշնամուն: Այո, այդ ժամանակն իսկապես անհրաժեշտ էր Հայաստանի նոր իշխանություններին, որպեսզի մի կողմից՝ չեզոքացնեն բանակում խռովություններ առաջացնելու ռևանշիստների փորձերը, մյուս կողմից՝ բարձրացնեն բանակի մարտունակությունը, որն էապես տուժել էր Քոչարյանի և Սարգսյանի ապիկար իշխանության արդյունքում:
Հուլիսյան մարտերը եկան ապացուցելու, որ այդ տակտիկական լուծումներն իրենց լիովին արդարացրեցին: Այդ մարտերը լիովին ջախջախեցին երկու տարի կառուցած միֆերը, թե նոր իշխանությունները Արցախի հարցում միտված են ոչ հայանպաստ լուծումների: Բայց քանի որ գործող ընդդիմությունը կազմված է հանցագործներից, գործակալներից ու մտավոր հետամնացներից, նրանք շարունակում և զարգացնում են ջախջախված թեզի տիրաժավորումը:
Նրանց միակ հույսն այն է՝ լայնամասշտաբ պատերազմ սկսվի և հնարավոր կորուստների ֆոնին, գումարած կորոնավարակի հետևանքները, ժողովրդական դժգոհություններ գեներացնեն: Ահա եռյակի՝ Քոչարյանի, Սարգսյանի և տարատեսակ ասրյանների միակ ծրագիրը:
Արիս Վաղարշակյան