Մարտի 1-ի դատավարությունը վրեժխնդրություն չէ Քոչարյանի հանդեպ, որքան էլ որոշ շահագրգիռ անձինք փորձեն դա այդպես ներկայացնել: Դա հատուկ մեսիջ է ապագա բոլոր իշխանություններին, որ չի կարելի գնդակահարել ժողովրդի միասնական կամքը: Որ ուշ, թե շուտ գալու է հատուցման պահը: Այս դատավարությունով նաև հստակ ֆիքսվում է, որ հայաստանցիների կյանքն անձեռնմխելի է: Նույն կերպ պետությունը պետք է շարժվի սեփականության իրավունքի անձեռնմխելիության ամրագրման մասով: Հյուսիսային պողոտայի բնակիչների իրավունքների վերականգնմամբ և արժանապատիվ փոխհատուցումով պետք է ամրագրվի, որ հանրային շահը հասարակության ամբողջական շահն է և ոչ թե օրվա իշխանության կամայականությունն ու հարստանալու անհագուրդ ձգտումը:
Ռոբերտ Քոչարյանը գնաց Մարտի 1-ին արյուն թափելու ճանապարհով նաև այն պատճառով, որովհետև մինչ այդ կատարել էր բազում հանցագործություններ և անհանգիստ էր դրանք պարտակելու հեռանկարի մասով: Դրանցից ամենամասշտաբայիններից մեկը Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկումն էր: Այդ հանցագործությանը մասնակից են դարձվել հարյուրավոր մարդիկ, Քոչարյանի բարձր հովանու ներքո: Նախագահի աշխատակազմից մինչև դատավորներ, ճարտարապետներից մինչև հարկադիր կատարողներ, ԾԻԳ-երի աշխատողներից մինչև օլիգարխներ, նոտարներից մինչև անշարժ գույքի գնահատողներ:
Սա մեծ շղթա է՝ դրանում ներգրավված բազում մարդկանցով, շահերի որոշ հատվածի արդեն ժամկետանց լինելով: Եվ հենց այստեղ է, որ նախաքննության համար բացվում են մեծ հեռանկարներ: Նախաքննության համար գործելու նաև մեծ դաշտ պետք է ապահովի օրենսդրական համապատասխան բազայի ներդրումը՝ ապօրինի հարստացումից մինչև առանց դատավճռի գույքը բռնագանձելը: Այս գործիքակազմը կբացի մինչ այժմ շատ փակ բերաններ: Բացի դրանից, այդ գործարքներին նրա իրականացման ճանապարհին մասնակից են դարձել բազմաթիվ կատարողներ, որոնք հետագայում ինչ-ինչ պատճառներով «քցվել» են իշխանության կողմից: Բայց Քոչարյանի և Սարգսյանի իշխանության տարիներին նրանք չէին կարող հանրայնացնել իրենց «տխուր» պատմությունները: Չէին կարող պատմել բոլոր այն մեխանիզմների մասին, որոնց միջոցով մարդիկ ունեզրկվեցին:
Չպետք է մոռանալ նաև, որ Հյուսիսային պողոտայի շինարարության միջոցով լվացվել են հարյուրավոր միլիոն դոլարներ, և դա արդեն միջազգային մասշտաբի հանցագործություն է: Արդյունքում կարող է պարզվել, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համագործակցել է միջազգային տարբեր հանցավոր խմբավորումների հետ:
Կծիկի քանդման դեպքում ականատեսը կդառնանք մի տեսարանի, երբ պետությունը մի ժամանակահատվածում դադարել է իր պարտականությունները կատարելուց և վերածվել է մի մեծ ռեյդերային կազմակերպության: Մինչ այժմ հայտնի «սև ռիելթորների» մասին բոլոր ահասարսուռ պատմությունները Քոչարյանի կողմից կազմակերպված այդ օպերացիայի ֆոնին կխամրեն:
Արիս Վաղարշակյան