...

Հանձնում ենք՝ հանուն «երջանկության նիկոլական մոդելի»

Հանձնում ենք՝ հանուն «երջանկության նիկոլական մոդելի»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է «այն ամենը, ինչ մեզ խանգարում է երջանիկ ապրել, պիտի սուսուփուս հանձնենք» քաղաքականությունը և քայլ առ քայլ իրականացնում է։ Այլ հարց է, որ դա հնարավոր չէ անել առանց հանրային կարծիքը նախապես ձևախեղելու և ամենակեղտոտ տեխնոլոգիաներով հանրային գիտակցության մեջ շիլաշփոթ առաջացնելու։ Միայն մի օրինակ բերենք։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ակնհայտ էր, որ հակամարտության չկարգավորված լինելը խանգարում է մեզ, բայց հետագայում սա խեղաթյուրվեց, ու կամաց-կամաց հանրային գիտակցության մեջ արմատավորվեց այն միտքը, որ մեզ ոչ թե ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն է խանգարում, այլ հենց Ղարաբաղը։

Տարբերությունը հասկանալի է, չէ՞։ Եթե խանգարողը չկարգավորված վիճակն է՝ պետք է վերացնել այդ վիճակը (այսինքն՝ կարգավորել հակամարտությունը), իսկ եթե խանգարողը Ղարաբաղն է՝ պետք է վերացնել Ղարաբաղը։ Ու պատկերացրեք՝ այդ քարոզչությունն աշխատեց։ Եթե չաշխատեր՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» նիկոլական գաղափարը կխեղդվեր հենց օրորոցում։

Հետո ավելի հեշտ էր, ու արդեն հանգիստ կարելի էր շարունակել գործել նույն սկզբունքով․ պետք է հրաժարվել ՀԱՊԿ-ից և ընդհանրապես դաշնակիցների փնտրտուքից, որովհետև դա մեզ խանգարում է (հանկարծ Ադրբեջանը դրանում ռևանշիստական ձգտումներ կտեսնի ու կհարձակվի), պետք է հանձնել «ամայի-անբնակ սարերը» (դրանք մեզ խանգարում են, որովհետև լարվածության պոտենցիալ օջախներ են), մեզ խանգարում են նաև Անկախության հռչակագիրը, Մասիս սարը, մեր պատմությունը, որովհետև դրանք բարդացնում են մեր հարաբերությունները հարևանների հետ, մեզ խանգարում են Տավուշի գյուղերը, որովհետև դրանք «կռվի բուն են», վաղն էլ մեզ կխանգարի Սյունիքը, որովհետև դրա պատճառով բոլոր կողմերից քաշքշում են մեզ ու թույլ չեն տալիս «խախանդ ապրել»․․․ 

Ուշադրություն դարձրեք՝ «մեր երջանիկ գոյությանը խանգարող ամեն ինչ հանձնելու» այս քաղաքականությունը հատվածական չէ և վերաբերում է իշխանությունների բոլոր քայլերին։ Ու դրա հիմքում «երջանիկ ապրելու» փաշինյանական մոդելն է։ Ըստ այդ մոդելի՝ ՀՀ շարքային քաղաքացու երջանկության բաղադրիչները սրանք են․ խաղաղ ապրել, կուշտ ուտել, լավ հագնվել, մեկ-մեկ էլ գնալ արտասահման։ Ընդ որում՝ ինքն իր կերպարով հենց այդ շարքային քաղաքացուն էլ մարմնավորում է։ Կանաչի ծախողի կեպին գլխին քաշած՝ տեսախցիկների առջև դուռում է պատառոտում ու քչփորում ատամները, «թանգանոց ավտոներով է ֆռֆռում», մի խոսքով՝ վատ չի ապրում, մեկ-մեկ էլ գնում է արտասահման, ու անընդհատ խաղաղությունից է խոսում։ Հիմա թող որևէ մեկը պատասխանի՝ ինչպե՞ս է տեղավորվում երջանկության այս մոդելում, օրինակ, Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Հարսանիքների, «ուտուշ-խմուշների» կամ շարքային հայ մարդու երջանկության համար անհրաժեշտ այլ լենուբոլ սեղանների շուրջ ո՞վ է Կոմիտաս կամ Բեթհովեն լսում։ Ոչ մեկը։ Հետևաբար՝ Նիկոլի պատկերացրած «շարքային հայ մարդուն» Կոնսերվատորիան ոչ մի օգուտ չի տալիս։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նույնպես։ Դեռ մի բան էլ խանգարում է։ Նախ՝ որովհետև փչացնում է հարաբերությունները հարևանների հետ, երկրորդն էլ՝ հրաշալի «օբյեկտների» տեղ է, իսկ դրանց «գեներացրած» հարկերով կարելի է, օրինակ, հանձնվելիք անկլավները շրջանցող ճանապարհներ կառուցել կամ մի 100-150 դրամով բարձրացնել ՀՀ հպարտ քաղաքացիների թոշակները։

Այնպես որ՝ անիմաստ է առանձին-առանձին քննարկել «հանուն երջանկության նիկոլական մոդելի» արվող զիջումները։ Եթե հասարակությունը համաձայն է այդ մոդելի հետ՝ պիտի սուսուփուս համակերպվի զիջումներին, եթե համաձայն չէ՝ պիտի դուրս գա փողոց ու շատ հստակ ասի, որ մերժում է բոլոր նրանց, ովքեր կանաչի ծախողի կեպին գլխներին քաշած դուռում խեղդելուց բացի այլ երջանկություն չեն պատկերացնում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ