...

Հանձնվել-չհանձնվելու որոշումը դո՛ւ չես կայացնելու

Հանձնվել-չհանձնվելու որոշումը դո՛ւ չես կայացնելու

Մոտավորապես 6 տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ընտանիքի անդամների հետ խորհրդակցել է, և նրանք համաձայնվել են, որ ինքը իշխանության համար վճռական պայքար սկսի, որի արդյունքում կամ կհաղթի, կամ կհայտնվի բանտում։ Նման որոշում կայացնելու իրավունք նա, անկասկած, ուներ, որովհետև անհաջողության դեպքում անձամբ ի՛նքն էր տուժելու, և ոչ թե պետությունը։ Այն ժամանակ, բնականաբար, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ 6 տարի անց հայկական Արցախ գոյություն չի ունենալու, Ադրբեջանը տարբեր ուղղություններով ներխուժելու է ՀՀ ինքնիշխան տարածք ու վերջնագրային տոնով Հայաստանին նվաստացուցիչ պահանջներ է թելադրելու, ինքն էլ ոչ միայն պահպանելու է իշխանությունը, այլև պատրաստակամություն է հայտնելու կատարել բոլոր այդ պահանջները։ Բայց՝ այս անգամ խորհրդակցելով ոչ թե «ընտանիքի» (որը, իր իսկ բնութագրմամբ, ողջ ժողովուրդն է), այլ ընդամենը ինքն իր հետ։

Այո, նախօրեին նա հենց այդպես էլ ասաց՝ «Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու։ Ես ասել եմ՝ պետք է նայել էն տարբերակը, որ կարող ա երկրի շահից բխում ա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը․․․ բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, այ դա կլիներ իսկական դավաճանություն»։ 

Նիկոլ Փաշինյանի այս «ռազմավարական որոշումն» արձանագրում է երկու կարևոր իրողություն։ Առաջին՝ իր կառավարումը կատարելապես ձախողվել է և անհաշվելի աղետներ բերել երկրին։ Այլապես ինչո՞ւ պիտի ընդհանրապես քննարկվեր հանձնվել-չհանձնվելու հարցը։ Ի վերջո՝ եթե, օրինակ, ֆուտբոլային խաղը դեռ չի ավարտվել, ու հաշիվն էլ, ասենք, 2։1 է, հանձնվելու մասին որևէ մեկը չի էլ մտածում։ Հանձնվել-չհանձնվելու հարց կարող է լինել, եթե հաշիվը 5։0 է, 6։0, 7։0․․․ կամ՝ եթե «մարտեր առանց կանոնների»-ի ռինգում ես, տապալվել ես գետնին, մրցակիցդ խեղդում է, դուրս պրծնել չես կարողանում, ու ընտրության ընդամենը երկու տարբերակ ունես՝ կամ ձեռքով երեք անգամ թփթփացնում ես գետնին (հանձնվում ես), կամ որոշում ես դիմանալ ևս մի քանի վայրկյան։ Նիկոլ Փաշինյանը, ահա, հանձնվել-չհանձնվելու թեման բարձրացնելով՝ արձանագրում է, որ ինքը երկիրն այդ վիճակին է հասցրել։

Երկրորդ արձանագրումը։ Երբ նա խոսում է «էս ճանապարհը թողնելու» մասին, բնականաբար՝ նկատի ունի անվտանգության վեկտորի փոփոխությունն ու ցանկացած գնով (թեկուզ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր նվաստացուցիչ պահանջները բավարարելով) ռուսական ազդեցության տիրույթից պոկվելու ճանապարհը։ Բայց եթե Հայաստանի ժողովրդի մեծամասնությունն այդ ճանապարհը ճիշտ է համարում, ուրեմն ինքն ինչո՞ւ է իր հրաժարականը «իսկական դավաճանություն» համարում։ Ի՞նչ խնդիր կա, թող ինքը հրաժարական տա, լինեն նոր ընտրություններ, որոնց ինքն ու իր «ուսապարկերը» չեն մասնակցի, ու միևնույն է՝ ընտրություններում կհաղթի այն ուժը, որը շարունակելու է երկիրը տանել նույն ճանապարհով։ Բայց՝ չէ, ինքը լավ գիտի, որ նոր ընտրությունների դեպքում «անվտանգության վեկտորի փոփոխության շարունակում» խոստացող որևէ ուժ իշխանության հասնելու որևէ շանս չի ունենալու։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ նա երկիրը տանում է շարունակական արկածախնդրության՝ հակառակ ժողովրդի կամքի։ Ոչ թե նրա համար, որ «ժողովուրդն է այդպես ուզում», այլ որովհետև ինքն է «այդպիսի ռազմավարական որոշում կայացրել»։ Մի խոսքով, «բռնապետական մեթոդներով՝ դեպի ժողովրդավարական աշխարհ»։ Բնականաբար՝ առանց տեղ հասնելու որևէ երաշխիքի։

Մինչդեռ ժողովրդավարությունը ենթադրում է, որ պետության ղեկավարի՝ հանձնվել-չհանձնվելու երկընտրանքն իր որոշելիքը չէ։ Պետության հանձնվել-չհանձնվելու հարցը՝ նույնպես։ Երկու դեպքում էլ վճարողը ժողովուրդն է լինելու, հետևաբար՝ ժողովուրդն էլ պիտի որոշի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   780 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ