...

Հապաղելը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության

Հապաղելը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության

Նիկոլ Փաշինյանը շարունակում է համառել և չնկատելու տալ, որ մի կողմից նախկինների երկուսուկես տարվա հակաքարոզչությունը, իսկ մյուս կողմից իր գլխավորած կառավարության ռազմավարական բնույթի մի շարք սխալներ հանգեցրել են լուրջ ճգնաժամի: Օր օրի հանրության և իշխանության միջև չհասկացվածության անջրպետը խորանում է:

Իհարկե, նախկինները մասնագիտացել են լուն դավա սարքելու գործի մեջ: Չեն խորշում որևէ տեսակի կեղծիքից ու ապատեղեկատվությունից: Իմիջիայլոց, երեկ արդեն հայտնի մի շարք օգտատերեր տարածում էին լուր, թե այս ընթացքում փոխվել է Ամուլսարի սեփականատերերի կազմը, և հսկիչ փաթեթը ձեռք է բերել վարչապետը, ուստի Ջերմուկի տարածքում ոստիկանական գործողությունները դրանով են պայմանավորված:

Ռազմավարական սխալներ ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք նախկիններին փողի ռեսուրսից չզրկելու փաստը: Այս տեմպերով դեռ 100 տարի պետք է, որ Քոչարյանը և Սարգսյանը ծախսեն իրենց փողերը ու միայն դրանից հետո դառնան բոմժ: Իհարկե՝ պայմանով, որ այդ ընթացքում նրանց հարյուրավոր բիզնեսները կսնանկանան:

Այս պայմաններում Փաշինյանի և իշխանության միակ փրկօղակը կարող է լինել վստահության նոր քվեն: Խորհրդարանական նոր ընտրությունները դժվար է դիտարկել որպես այդպիսին: Խորհրդարանում կարող է ստեղծվել էլ ավելի խառնիճաղանջ խճանկար և պերմանենտ ցնցումները դառնան անխուսափելի:

Միակ ելքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է և անցումը նախագահական համակարգին: Փաշինյանը, չնայած վարկանիշի որոշակի անկմանը, դեռ մնում է ամենապոպուլյար քաղաքական գործիչը, և մրցակիցների շանսերը փոքր են: Այլ է քաղաքական թիմերի վիճակը, 88 հոգանոց խմբակցությունն ունի շատ խոցելի անձնավորություններ, որոնք քարոզարշավի ժամանակ կդառնան թիրախ և որը կհանգեցնի իշխանության դիրքերի էական թուլացմանը:

Աշնանը՝ արտակարգ դրության չեղարկումից հետո, վիճակն էլ ավելի է սրվելու: Ոստիկանական ուժերով անհնար է լինելու կայունություն ապահովել:

Եվ քանի դեռ շատ ուշ չէ, և քաղաքական հակառակորդները չեն պահանջում արտահերթ ընտրություններ, Փաշինյանը կարող է ձիու քայլ անել և գնալ սահմանադրական փոփոխությունների, իսկ այնուհետև՝ նախագահական ընտրությունների: Հապաղելը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ