Մուննաթ գալու և ամեն ինչ հերքելու միջև կա մի նուրբ գիծ՝ ասել ճշմարտությունը: Այդ դեպքում հասարակությունը արագ կհասկանա, թե մերժված ուղտերը ինչ նպատակ են հետապնդում, ինչ տեխնոլոգիաներ են կիրառում, ինչ կապեր են օգտագործում՝ վարկաբեկելու գործող իշխանությանը:
Անհեռանկարային է մուննաթ գալ և հասարակությունից պահանջել անվերապահ աջակցություն: Անհեռանկարային է հասարակությունից պահանջել այնպիսի անվերապահ հավատարմություն, կարծես ամբողջ հասարակությունը մի մեծ աղանդի մաս է կազմում, որտեղ առաջնորդը բացատրություններ տալու կարիք չունի և որտեղ նրա սխալ անելու հավանականությունը անգամ քննարկման առարկա չէ, քանի որ սրբերը մեղքեր չեն կարող ունենալ:
Իհարկե, հասկանալի է, որ երկու տարվա մեդիատեռորը կարող է ցանկացածին հունից հանել: Բայց հեղափոխության առաջնորդը հենց դրանով է տարբերվում հասարակ քաղաքացուց կամ անգամ քաղաքական գործչից: Հեղափոխության առաջնորդը պետք է հնարավորինս թափանցիկ գործի, փաստերով և ապացույցներով հերքի գոնե անձնապես իր և իր հարազատների հասցեին հնչող մեղադրանքները:
Հասարակությունը 2018 թվականի գարնանը և ինչու չէ նաև հետո անվերապահ հավատաց Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա հրապարակային խոստում տվեց՝ եթե կոռուպցիայի և հովանավորչության մեջ ներգրավված լինեն անգամ իր հարազատները, ինքը ոչ մեկին չի խնայելու: Դա իրոք ԱՆՆԱԽԱԴԵՊ խոստում էր, և հիմա հասարակությունը պահանջում է, որ չմնա միայն իբրև խոստում:
Կա փաստ. Ռուսաստանում արդեն երկրորդ անգամ Հայաստանից ուղարկվող բեռ է ձերբակալվում: Պետք է հրապարակվեն դրանց վերաբերյալ մաքսային ձևակերպման բոլոր փաստաթղթերը, հանրային շահը այստեղ գերակա է բիզնես գործունեություն իրականացնող միավորի շահերից: ՊԵԿ-ը և ԱԳՆ-ը պետք է պարզաբանումներ պահանջեն Ռուսաստանի համապատասխան կառույցներից, և դա նույնպես պետք է լինի հրապարակային:
Հասարակությունը պետք է տեսնի, որ Հայաստանի լիազոր մարմինները պահանջատեր են և պաշտպանում են Հայաստանի տնտեսվարող սուբյեկտի շահերը: Չէ՞ որ, եթե ամեն ինչ արվել է օրենքով, նշանակում է ռուսական կողմն է զբաղված ինքնաիրավչությամբ և վնաս է հասցնում հայկական կողմին:
Կրկնենք. այդ ամենը պետք է արվի արագ և հնարավորինս թափանցիկ: Հակառակ պարագայում, չնայած Միքայել Մինասյանի նկատմամբ բացասական վերաբերմունքին, հասարակությունը կկենտրոնանա «իշխանությունը բարոյալքում է» հայտնի բանաձևի վրա:
Արիս Վաղարշակյան