2018 թվականի ընդվզումը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ հանրությունը հոգնել էր նախկին իշխանության պաթոսից՝ խոսքի ու գործի մղոններով տարբերությունից: Հոգնել էր, երբ առավոտից երեկո խոսում էին բանակի նկատմամբ հոգատարության անհրաժեշտության մասին, բայց անխնա թալանում էին նույն բանակը: Հոգնել էր, երբ Արցախին տրամադրվող օգնությունը յուրացնողները խոսում էին Արցախի նկատմամբ հոգատարության մասին: Հոգնել էր, որ գյուղացու մասին ընտրությունների ժամանակ հիշողները, ընտրություններից դուրս ընկած միջակայքում մշտապես թալանում էին նրան տրամադրվելիք սերմնացուն ու դիզվառելիքը:
Երեկ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր: Կառավարության և խորհրդարանում իշխող ուժի ներկայացուցիչները անխտիր իրենց պարտքը համարեցին լուսանկարվել և համացանցը ողողել իրենց լուսանկարներով: Նրանք անխնա կոչ էին անում պայքարել քաղցկեղի դեմ, կարծես այդ հիվանդությունը բուժվում է շատ լուսանկարվելով ու ֆլեշ-մոբերով: Հավատացեք պակաս նողկալի չի նայվում տեսարանը, երբ Ամուլսարը հանք դարձնելու լոբբիստները լուսանկարվում են և պահանջում քաղցկեղի դեմ պայքար:
Մինչդեռ գործող կառավարությունը դեռևս որևէ գործուն քայլ չի կատարել նվազեցնելու այդ չարաբաստիկ հիվանդության թիվ մեկ «հովանավորի»՝ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը տնտեսության մեջ: Չկա որևէ ռեալ գործընթաց, որ կստիպի հանքերի տերերին ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել և իրենց հարստության համար մարդկանց չդատապարտել քաղցկեղի: Հեղափոխությունից գրեթե երկու տարի հետո, կառավարության համար դեռևս պարզ չէ, թե որ հանքը ում է պատկանում: Փաշինյանը սիրում է ասել, որ նախկին ռեժիմը ֆեյքերի վրա միլիոններ է ծախսում ու վերջում դառնալու է բոմժ: Մինչդեռ նույն նախկին ռեժիմի կարկառուները հանքերի շահագործումից առ այսօր ստանում են միլիարդների եկամուտ:
Ֆլեշ-մոբերի փոխարեն, շատ ավելի արդյունավետ և հասցեական կլիներ, եթե Փաշինյանը անցած ուիք-էնդին Արցախ այցելության շրջանակներում հանդիպեր Ալեքսանդր Քանանյանին, որն արդեն 15 օրից ավել է, ինչ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով դադարեցնել Քարվաճառի գետերի ապականումը: Եվ դա ամենևին էլ չէր կարող դիտարկվել իբրև միջամտություն Արցախի ներքին գործերին: Արցախի ղեկավարությունը վաղուց նման մեկնաբանության տեղ չի թողել:
Իշխանությունը պետք է գիտակցի, որ հանրությունը վաղուց հոգնել է պաթոսից և գործուն քայլեր է ակնկալում: Չէ՞ որ օջախի անդամներին չի կարելի անընդհատ կերակրել ֆլեշ-մոբերով:
Արիս Վաղարշակյան