...

Հաստատ չեն դատելու

Հաստատ չեն դատելու

Նախկինների ցինիզմը նորանոր ռեկորդներ է սահմանում: Ներկայումս նրանք նման են սերիական այն մարդասպաններին, որոնք իրենց հանցագործությունները թողած, խոսում են իրենց դատողների` փողոցը անթույլատրելի տեղում անցնելու մասին:

Կատարել են հեղաշրջում, կեղծել 10-ից ավել համապետական ընտրություններ, երկու հանրաքվե, գնդակահարել խաղաղ ցուցարարների, մի քանի հարյուր մարդու հանիրավի դատապարտել երկար տարիների բանտարկության, թալանել և ունեզրկել Հայաստանի քաղաքացիներին, ահաբեկելով խլել կամ դարձել ուրիշների բիզնեսների համասեփականատեր, իսկ հիմա թաքստոցներից, Ահեղ դատաստանի մանրամասներին տիրապետողի դիրքերից սպառնում են, որ բոլորը դատվելու են: Դատվելու են, որովհետև ինչ-որ ստորակետի փոխարեն կարող էին բութ դնել: Բայց չի ասվում, թե ինչու է այդ ստորակետը հապճեպ դնելու անհրաժեշտություն առաջացել:

Վերջին սահմանադրական փոփոխությունների ամբողջ իմաստն այն է, որ հնարավոր չլինի կոծկել այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի Մարտի 1-ից առաջ և հետո: Իսկ 2008 թվականին իսկապես տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում և որպեսզի այն չբացահայտվի, նախկինները ՍԴ-ի ոչ լեգիտիմ կազմի միջոցով փորձում էին այն վիժեցնել:

2008 թվականին սահմանադրական կարգի տապալումը նախկինների ամենամեծ հանցագործությունն է: Այն ամբողջովին դատաքննելու և դատավճիռներ լինելու պարագայում նաև դե յուրե կամրագրվի, որ առնվազն 2008 թվականից սկսած իրենց իշխանությունը եղել է ոչ լեգիտիմ:

Իշխանություններն իրենց հերթին պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն: Եթե նախկիններին ինչ-որ կերպ հաջողվի հասնել ռևանշի, իրենց ոչ ոք չի դատելու: Հեղաշրջման բուն գործընթացի ժամանակ կամ էլ դրանից անմիջապես հետո ռևանշիստները, իրենց ձեռագրին հավատարիմ, լուծելու են քաղաքական հակառակորդների ֆիզիկական գոյության խնդիրը և չեն գնալու դատական գործընթացների միջոցով՝ Փաշինյանին և պատգամավորներին բանտարկելու ճանապարհով:

Վեթինգների հայեցակարգեր չեն մշակելու, դատարաններ չեն շրջափակելու, Վենետիկից չեն հարցնելու՝ ինչպես վերացնել այս կամ այն խոչընդոտը: Լուծելու են այնպես, ինչպես սովոր են՝ չկա մարդ, չկա խնդիր:

Ուստի այս պահին պետք է վնասազերծել կրկնահանցագործներին և միայն հետո, եթե անհրաժեշտություն լինի, բացատրություններ տալ, թե արդյոք օպերացիայի ժամանակ չեն անցել պաշտպանության անհրաժեշտ սահմանները: Այնպես որ՝ առանձնապես պետք չէ ուշադրություն դարձնել միշիկիների սպառնալիքներին, թե ձեզ դատելու ենք:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1068 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ