...

Հատվածական կապիտուլյացիա՝ «1+1+1+1+․․․» սկզբունքով

Հատվածական կապիտուլյացիա՝ «1+1+1+1+․․․» սկզբունքով

Հերթական անգամ Հայաստանի շուրջ ծավալվող իսկապես վտանգավոր իրադարձությունները երկրի ներսում վերածվում են անբովանդակ թամաշայի։ Ով ինչ վճռականությամբ ճանապարհ փակեց, ով ինչպես հայհոյեց դիմացինին, ով ինչ բարձրությունից ցատկեց երկրապահի մեքենայի վրա, ով ավելի հուզիչ լուսանկար հրապարակեց, ում սրտաճմլիկ ստատուսը սոցցանցերում ավելի շատ լայք հավաքեց․․․ Իսկ թե ինչ է տեղի ունենում իրականում՝ մեծամասնության վեջը չէ, որովհետև նրանց ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչպե՞ս ավելի շահեկան կեցվածք ընդունել այս խայտառակության ֆոնին կամ ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ ու յութուբյան դիտումներ ապահովել։

Ո՞րն է, ի վերջո, «տավուշյան սահմանազատման» հարցում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, և ինչո՞ւ չի կարելի տարածքներ հանձնել՝ փոխարենը ստանալով ընդամենը լարվածության ժամանակավոր թուլացման պատրանք։

Սկսենք նրանից, որ «տավուշյան սահմանազատումը» ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մի մասն է, այլ նման գործընթաց սկսելու՝ ադրբեջանական կողմի առաջ քաշած հերթական նախապայմանը, որը հաստատ վերջինը չի լինելու։ Հասկանալի է, որ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ դրանում անպայման պիտի ներառվեն նաև փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու այն իրավաքաղաքական բազան, որի հիման վրա պիտի իրականացվի սահմանազատումը, բայց քանի դեռ այդ համաձայնագիրը չկա՝ տեղի ունեցողը ոչ մի դեպքում չի կարելի անվանել սահմանազատում, դա ընդամենը լոկալ կապիտուլյացիա է։ 

Պարզ ասած՝ խնդիրը հետևյալն է․ կողմերը նախ պիտի խաղաղության համաձայնագիր ստորագրեն, որտեղ ի թիվս այլ հարցերի նշված կլինի, թե ո՛ր թվականի քարտեզներով են սահմանազատում իրականացնելու, և միայն դրանից հետո պիտի հստակ ժամանակացույց լինի, թե ինչ ժամկետներում և ինչ հերթականությամբ պիտի իրականացվի զորքերի փոխադարձ հետքաշումն ու սահմանի ստեղծումը։ Ընդ որում, խաղաղության համաձայնագրի մյուս կետերից և ընդհանուր բովանդակությունից է կախված՝ «մենք պիտի ուրա՞խ լինենք, թե՞ անհանգիստ, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է»։ Հենց սա պիտի լինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ «եկեք համաձայնագիրը փաթեթով ստորագրենք, հետո փուլ առ փուլ իրականացնենք», ընդ որում՝ դա կլինի միանգամայն լեգիտիմ և միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքորոշում։ Իսկ եթե Ադրբեջանը չի համաձայնվում՝ նշանակում է իրենց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ նոր պատերազմի համար ավելի նպաստավոր պայմանների ապահովումը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող «ուրախ լինել, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է», որովհետև եթե խաղաղության համաձայնագիր չկա՝ այդ «50 մետր այն կողմ»-ը լինելու է ոչ թե հնարավորությունների պատուհան, այլ սպառնալիք։

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բանակցությունների սեղանի շուրջ կոպտագույն սխալներ է թույլ տալիս, որոնց արդյունքում Հայաստանի շուրջ օղակը մեծ արագությամբ սեղմվում է, իսկ նոր պատերազմի դեպքում մեր դիմադրության պոտենցիալը՝ էապես նվազում։ Ու հենց սա պիտի լիներ մեր քաղաքական դաշտի հիմնական դիսկուրսը, և այս հենքի վրա էլ պիտի կառուցվեր բանակցությունների սեղանի շուրջ կոպտագույն սխալներ թույլ տվող իշխանություններին հեռացնելու շարժումը։

Բայց՝ չէ, «փաթեթով համաձայնեցնենք, փուլ առ փուլ իրականացնենք»-ը, որպես քաղաքական դիրքորոշում, սիրուն չի հնչում, դրանից համարյա դավաճանության հոտ է գալիս, իսկ ահա «Նիկոլ-դավաճան» վանկարկումները քարոզչական տեսանկյունից շատ շահեկան են՝ համարյա Թուրքիայի դրոշ վառելու նման մի բան։ Առավել ևս, որ նրա գործունեությունը, եթե դատելու լինենք արդյունքներով, իսկապես էլ երբևէ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ գործված ամենամեծ դավաճանություններից մեկն է, եթե ոչ մեծագույնը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ