...

Հաճախորդաց գունդն ավելի մեծ է եղել

Հաճախորդաց գունդն ավելի մեծ է եղել

Մշակույթի 60 գործիչների (համենայնդեպս իրենք իրենց այդպես են ներկայացնում) հայտարարության ֆոնին, աննկատ մնաց մեկ այլ, ոչ պակաս սենսացիոն հայտարարություն: Մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված, տևական ժամանակ բանտում անցկացրած, այնուհետև 10 հոգով հեղափոխության փորձ արած և արդյունքում դատապարտված ու միայն հեղափոխության շնորհիվ ազատության մեջ հայտնված Շանթ Հարությունյանը նույնպես կոչ արեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Եվ ոչ միայն պահանջեց Քոչարյանի ազատությունը, այլ նաև կոչը համեմեց Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններով:

Կարելի է երկար քննարկել, քննադատել և ի վերջո ծաղրել վաստակավոր գործիչների հայտարարությունները: Բայց նրանց գործելաոճի մեջ որևէ նորություն և անակնկալ չկար: Այդ մարդիկ որոշակի դիրքի են հասել Քոչարյանի և Սարգսյանի շնորհիվ, օգտվել են պալատական երգիչ-երգչուհի լինելու հանգամանքով՝ ներառյալ բոլոր արտոնությունները, բյուջեի հաշվին կազմակերպել են համերգներ ու շրջագայություններ, ուստի լրիվ տրամաբանական է նրանց աջակցությունը: Հասարակությունը վաղուց է գնահատական տվել նրանց տաղանդին, քաղաքացիական գիտակցությանը և մտավորական կոչվելու իրավունքին: Այսինքն՝ վաղուց նրանց լուրջ չի ընդունում և չունի ակնկալիք:

Այլ է Շանթ Հարությունյանի պարագան: Հասարակության մի հատված, չնայած նրա տարօրինակ մաքսիմալիստական հայտարարություններին, նրան տեսնում էր որպես գործիչ, որ ազնվորեն պայքարել է նախկին ռեժիմի դեմ: Երեկվա հայտարարությունները գալիս են հաստատելու, որ նախկին ռեժիմի հաճախորդաց գունդը ավելի մեծաքանակ է եղել, քան նախկինում պատկերացնում էինք:

Հատկապես զավեշտալի էր Հարությունյանի հետևյալ գնահատականը: «Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հասկանում քաղաքականությունից»: Որքան պետք է քաղաքականությունից չհասկանաս կամ նեգատիվ ունենաս, որ այսպիսի գնահատականներ հնչեցնես: Փաշինյանին կարելի և պետք է քննադատել, նշել և վերհանել սխալները, ցույց տալ, թե որտեղ է թերանում կամ խուսանավում, բացահայտել նախկին և ներկա հայտարարությունների տարբերությունը: Բայց ինչպե՞ս նա կարող է չհասկանալ քաղաքականությունից, միևնույն ժամանակ հեղափոխություն անել ու դառնալ կառավարության ղեկավար: Շանթ Հարությունյանի հայտարարությունները նման են այն դիմորդի մեկնաբանություններին, որ մի քանի տասնամյակ կտրվում է ընդունելության քննություններից, բայց հեգնում և վիրավորում է առաջին փորձից ընդունված ուսանողին: Տարիներ շարունակ Հարությունյանը փորձեր արեց, հավաքեց խայտառակ քիչ բալեր և հիմա դատողություններ է անում ուրիշի խելքի ու հմտությունների վերաբերյալ:

Քոչարյանը և Սարգսյանը նաև մեղավոր են, որ Շանթ Հարությունյանի պես մարդկանց դրել են անելանելի վիճակի մեջ: Ստիպել են, որ ուրանա իր անցած ուղին ու դառնա շարքային Մենուա Հարությունյան կամ Կոնստանտին Տեր-Նակալյան:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2263 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ