Միջազգային լրահոսի մեջ բավական նշանակալի մասնաբաժին ունի աշխարհի հարուստների կողմից տրամադրվող ֆինանսական և այլ կարգի օգնությունների մասին տեղեկատվությունը: Ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց կառավարություններին և ստեղծված հիմնադրամներին փոխանցում են նշանակալի գումարներ՝ գիտակցելով իրենց սոցիալական պատասխանատվությունը: Իհարկե նաև հաշվի են առնում, որ կորոնավիրուսից հետո էլ է կյանք լինելու և իմիջային առումով լուրջ կորուստներ կունենան, եթե այսօր ձեռք չմեկնեն առավել խոցելի խմբերին:
Լրիվ այլ է իրավիճակը Հայաստանում: Բացառությամբ մեկ-երկու մեծահարուստի, մնացածը մտել են խորը և համապարփակ բարեգործական «կարանտիայի» մեջ: Ոչ միայն ցանկություն չունեն օգնելու իրենց համերկրացիներին, այլև դա չեն անում անգամ իրենց աշխատողների համար, որոնց հանդեպ գոնե պետք է ունենային մինիմալ սոցիալական պատասխանատվություն: Աշխատանքից հեռացնելու սպառնալիքի ներքո ստիպում են ներկայանալ աշխատանքի զորօրինակ հետևյալ գործարարները՝ Ծառուկյան, Ալեքսանյան և ՍԱՍ-ի Արտակ:
Ժամանակին նույն Ծառուկյանը փորձում էր համոզել, որ «Առինջ-մոլից» եկամուտ չունի և միայն շորի առևտրով զբաղված առևտրականների ճակատագրով մտահոգված է բացել այն: Եվ հիմա՝ այս վտանգավոր օրերին, նա ոչ միայն չի փակում մոլը, այլև առևտրականներին փոխանցում է իր կարճ մեսիջը՝ «գաք-չգաք, միևնույն է՝ վճարելու եք տեղի փող»:
Երկիրը երկու տասնամյակ թալանած նախկին ռեժիմը ոչ միայն ոչ մի լումա չի ուղղում ժողովրդի հոգսերի գոնե մի փոքր թեթևացմանը, այլև հակառակը՝ ստիպում է, որ իր կողմից ֆինանսավորվող մեդիան ավելի ուժգնացնի հարձակումը իշխանությունների նկատմամբ:
Ներկայումս ստեղծվել է աննախադեպ վիճակ: Հարյուր հազարից ավելի մարդ զրկվել է աշխատավարձից, և անհրաժեշտ են նույնքան աննախադեպ քայլեր:
Դրանցից առաջինը պետք է լինի «Հայաստան» հիմնադրամի միջոցների ուղղումը դեպի մարդկանց կարիքների գոնե մի փոքր մասը հոգալուն: Դժվար ժամանակներում պետք են նույնքան ճկուն լուծումներ:
Որոշ կապիտալ ծախսեր կարող են սպասել: Երբ ընտանիքի մեկ անդամը սոված է կամ կարող են անջատել տան լույսը, մյուսի համար արևային կայան չեն գնում:
Արիս Վաղարշակյան