...

Հայաստանը դարձնենք քաղաքական էկո տուրիզմի հայրենիք

Հայաստանը դարձնենք քաղաքական էկո տուրիզմի հայրենիք

Դժվար է ասել, թե պատմության այս շրջափուլն ինչով կավարտվի Հայաստանի համար, բայց այն չափազանց հարուստ հետազոտության նյութ կարող է դառնալ քաղաքագետների և քաղտեխնոլոգների համար:

Հայաստանը մի երկիր է, որը կարողացավ անարյուն հեռացնել նախկինում բազում քաղաքական և քրեական հանցագործություններ կատարած իշխանություններին, բայց ի վիճակի չէ լուծել նրանց հանցագործություններին մեղսակից և դակիչ դատավորների խնդիրը: Մարդիկ, որոնք թերևս շատ ավելի լուրջ հանցագործություններ են արել, քան հանրապետական շատ պատգամավորներ, որոնց միակ գործառույթն է եղել կոճակը ճիշտ պահին սեղմելը: Մարտի 1-ի կամ Հյուսիսային պողոտայի գործերով դատավճիռներ և վճիռներ կայացրածները պետությանը և հասարակությանը շատ ավելի մեծ վնաս են հասցրել, քան պայմանական որևէ երիտհանրապետական պատգամավոր, որն իր զավեշտալի ելույթներով փորձել է պաշտպանել Սերժ Սարգսյանին:

Հայաստանը մի երկիր է, որտեղ հեղափոխությունը բերեց նրան, որ քաղաքական հաճախորդությունը նվաճեց նորանոր հորիզոններ: Մինչդեռ պետք է լիներ լրիվ հակառակը. քաղաքական ուժերը պետք է հասկանային, որ այսուհետ իրենց ապագան կախված է ժողովրդի քվեից: Չտեսնված իրականություն է՝ հաճախորդները գումար են վերցնում նախկին իշխանություններից և քաղաքական օրակարգ ձևավորում, թե ինչու չեն պատժվում այդ նույն նախկին իշխանությունները: Այս քաղաքական նոու-հաուն իսկապես պետք է լիցենզավորվի և կրի որևէ հանճարեղ հայ քաղաքական հաճախորդի անունը: Որպես այդ ասպարեզում առավել երկար ճանապարհ անցած հաճախորդների, ճիշտ կլինի այն անվանակոչել Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի անուններով: Ներկայիս հաճախորդները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, մինչև հասնեն այդ գիգանտներին:

Հայաստանը մի երկիր է, որտեղ գործողները, որ իշխանության են հասել հեղափոխության ճանապարհով, ամենաազդեցիկ և բարձր պաշտոնների են նշանակում մարդկանց, որոնք չեն թաքցնում իրենց հակակրանքը հեղափոխական լուծումների նկատմամբ: Ասվածը մերկպարանոց չհնչելու համար, թող վկայակոչեն Ավինյանի, Բադասյանի, Մհեր Գրիգորյանի կամ Ատոմ Ջանջուղազյանի կողմից հնչեցված որևէ հեղափոխական հայտարարություն կամ գոնե միտք: Նախապես ասենք՝ իզուր չչարչարվեն, չեն գտնելու:

Բայց այս ամենից կարելի է նաև շահած դուրս գալ: Կարելի է հայտարարել, որ Հայաստանը դառնում քաղաքական էկո տուրիզմի հայրենիք: Թող աշխարհի տարբեր համալսարաններից քաղաքագիտություն ուսումնասիրող ուսանողներ գան Հայաստան ու մոտիկից տեսնեն, թե ինչպես են հեղափոխություն անում, բայց չեն օգտվում նրա բերած հնարավորություններից: Թող տեսնեն, որ ավտորիտար իշխանությունների համար հեղափոխությունը դեռ մահախոսական չէ, դրանից հետո նրանց կյանքում սկսվում է գործունեության ոչ պակաս շրջափուլ: Թող տեսնեն, թե մի դժգույն Աննա Դանիբեկյան ինչպես է փորձում վիժեցնել միլիոնների պայքարի արդյունքները:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ