Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետը հնչեցրեց 7 հետևություն, որ հայկական կողմն արել է սահմանային վերջին սրացումներից հետո: Մեծ հաշվով այնտեղ շատ մեծ նորություններ չկային և չէին էլ կարող լինել: Արդեն 30 տարի է, ինչ պատերազմ է ընթանում, և նոր չէ, որ պետք է հասկանանք, թե Ադրբեջանը և Թուրքիան ինչ են ցանկանում:
Բայց այդ հետևությունները առիթ դարձան ռևանշիստների համար, որ հայտարարեն, թե գործող իշխանությունները վերադառնում են այն ելակետին, որ թողել է Սերժ Սարգսյանը: Նրանցից առավել «ուղղամիտներն» ընդհանրապես օգտագործեցին ժառանգություն բառը:
Ինչպես ասում են՝ այստեղ «ստոպ»:
Աստված մի արասցե, այս կամ հաջորդ որևէ իշխանություն վերադառնա հանրապետականների թողած ժառանգությանը: Հայկական բանակը կամ դիվանագիտությունը ինքնավար ոլորտներ չեն, որ գործեն պետության ընդհանուր վիճակի տրամաբանությունից դուրս: Իհարկե, մենք վաղուց ենք համակերպվել, որ նախկինները ցանկացած փաստ կամ երևույթ գլխիվայր շուռ տալու և չտեսնված մանիպուլյացիա ստանալու թուլություն ունեն:
Բայց փաստենք. 2016 թվականի քառօրյա պատերազմն անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ ներկայացնել իբրև հաղթանակ: Վերջին ռազմական կոմպանիան միանշանակ հայկական բանակի հաղթանակ էր, ու դրանով են պայմանավորված Ադրբեջանի ղեկավարության նյարդային քայլերը և հռետորաբանությունը:
Մի փոքր դիտարկում, որ ցույց է տալիս 2016 թվականի և 2020 թվականների ռազմական կոմպանիաների տարբերությունը: 4 տարի առաջ Ադրբեջանի պրոպագանդան վարձել էր օտարերկրյա փորձագետների, որոնք փորձում էին համոզել, թե այդ երկիրը հասել է աննախադեպ ռազմական հաջողությունների, իսկ Լելե Թեփեի գրավումը ներկայացնում՝ իբրև չտեսնված ձեռքբերում: Հիմա նույն այդ փորձագետները կրկին փորձում են համոզել, որ չգիտես ինչ մի իրադարձություն տեղի չի ունեցել, իսկ Սև քարի մի քանի հենակետի ազատագրումը առ ոչինչ է:
Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմներն աննախադեպ հարվածներ էին հասցրել պետությանը, և 2016 թվականին մենք քաղեցինք դրա արդյունքները: Երկու տասնամյակ թալանել էին երկիրը և զարմանալու չէր, որ արդարանում էին, թե կռվում ենք 80-ականների զենքով: Իհարկե, խորհրդարանի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անհասկանալի գործունեության հետևանքով նախկինների լեզուն բացվել է, բայց Հայաստանը փոքր երկիր է, բոլոր ընտանիքներն ունեն զինծառայող հարազատներ և գիտեն, թե որքան էր թալանվել բանակը, որքան էր թերֆինանսավորվել, սպառազինություններ ձեռք բերելու փոխարեն որքան դղյակներ էին կառուցվել:
Ուստի որքան էլ աշոտյանները և մյուս ռևանշիստները երազեն վերադարձ անցյալին, մենք մեզ նման ճոխություն թույլ տալ չենք կարող: Օրգանիզմը հաղթահարել է «ասկարիդների» երկարատև ներկայությունը և գիտի, թե նրանք ինչ վնաս էին հասցնում առողջությանը: Կրկին նույն մղձավանջով անցնելու ցանկություն և ամենակարևորը՝ ռեսուրս, չկա:
Արիս Վաղարշակյան