...

Հեղափոխությունը մտնում է նոր, ավելի կարևոր փուլ

Հեղափոխությունը մտնում է նոր, ավելի կարևոր փուլ

Հեղափոխությունից երկու տարի անց մտնում ենք ավելի կարևոր փուլ: Այս փուլի օրակարգը ինչ-որ առումով ավելի գերակա է, ավելի նշանակալի ազդեցություն կարող է թողնել Հայաստանի ապագայի վրա, քան առաջինն էր:
Առաջին փուլով լուծվեց բոլոր այն ուժերի իշխանությունից հեռացումը, որոնք լեգետիմ չէին, բռնազավթել էին իշխանությունը, զբաղված էին միայն թալանով և ժողովրդին հարստահարելով: Չափազանց կարևոր էր նաև կառավարությունը օլիգարխիայի ճիրաններից դուրս հանելը:

Բայց քաղաքական դաշտը չի ձերբազատվել օլիգարխիայի ներկայությունից ու նրա օրակարգը սպասարկելու պարտադրանքից և գայթակղությունից: Երկարաժամկետ առումով օլիգարխիայի նկրտումներն ավելի վտանգավոր են դառնում՝ հաշվի առնելով, որ հայաստանյան օլիգարխիան ազգային չէ և հանգամանքների բերումով գտնվում է մեկ այլ, շատ ավելի հզոր օլիգարխիայի հսկողության ներքո: Իհարկե, հասկանալի է, որ խոսքը ռուսական օլիգարխիայի և հատուկ ծառայությունների մասին է:

Իշխանությունը Գագիկ Ծառուկյանի և մնացած սատելիտների նկատմամբ կտանի հաղթանակ միայն մեկ դեպքում: Հանրությանը շատ մատչելի պետք է բացատրել, որ սա պայքար չէ երկու կուսակցությունների, երկու ուժերի, երկու անձանց միջև: Սա պայքար է Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցների և ֆորպոստի կարգավիճակով բավարարվողների միջև: Սա պայքար է Ռուսաստանի հետ ռազմավարական, փոխշահավետ հարաբերություններ կառուցելու կողմնակիցների և այն ուժերի միջև, որոնց նման թիթիզությունները առանձնապես հետաքրքրիր չեն և պատրաստ են Հայաստանում իշխել իբրև նահանգապետեր:

Ուկրաինայից հետո ռուսական դիվանագիտությունը լուրջ սրբագրումներ է մտցրել գունավոր հեղափոխությունների նկատմամբ արձագանքի և նոր ձևավորված իշխանությունների հետ փոխհարաբերությունների մեջ: Այլևս հասկացել են, որ անհեռանկարային է առճակատային բախումը: Ներկայումս Ռուսաստանում էլ է վիճակը ծանր, այնտեղ էլ է շրջում հեղափոխության ուրվականը, համավարակը այնտեղ էլ է ծայրահեղ ծանր վիճակի հասցրել ժողովրդի սոցիալ-տնտեսական դրությունը, նավթի գների շարունակական անկումը խնդիրներ է ստեղծում արդեն ձմռանը բյուջետային պարտավորությունները լիարժեք կատարելու առումով: Եվ Ռուսաստանին անհրաժեշտ է հարևան երկրի օրինակով սեփական ժողովրդին մատնացույց անել, թե որքան վատ բան է հեղափոխությունը: Տեսեք, իրենք չխառնվեցին, որևէ որակում չտվեցին հայկական հեղափոխությանը, ամենաբարձր մակարդակներով բազմիցս ընդունեցին Հայաստանի ղեկավարին, այսինքն՝ իրենք որևէ մեղք չունեն հայկական հեղափոխության ձախողման մեջ: Դա բազմիցս և անընդհատ կվերլուծվի ռուսական հեռուստատեսության թոք-շոուների ընթացքում: Եվ ռուսաստանցի հեռուստադիտողը գլխի չի ընկնի, որ այո, Ռուսաստանը ուղղակիորեն չխառնվեց, բայց գործեց իր ազդեցության տակ գտնվող օլիգարխների ու գործակալների միջոցով:

Իշխանությունը պետք է ավելի բաց խոսի հանրության հետ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խաղադրույք է դրված սեղանին: Հարցը Ծառուկյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունները չեն, հարցը քաղաքական դաշտը հնարավորինս օտարերկրյա գործակալներից ախտահանելու մեջ է: Հակառակ պարագայում, այս մի վարակը կորոնավիրուսի հետ ձեռք ձեռքի բռնած կոչնչացնեն հայկական պետականությունը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3079 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ