Ինչպես և երեկ կանխատեսել էինք, Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը ստիպելու է քաղաքական դերակատարներին բացել խաղաքարտերը: Եթե իշխանությունը դեռ պահպանում է լռությունը (մինուս Անդրանիկ Քոչարյանը, նա առաջին անգամ չէ իշխանությանը դնում անհարմար վիճակում), ապա ընդդիմությունը չդիմացավ գայթակղությանը և առաջինը արձագանքեց՝ բացահայտելով իր շարժառիթները ու գործունեության հիմնական դրդապատճառները:
Բնական է, որ առաջինը լինելու էր առավել անզուսպը՝ քոչարյանական թևը: Սրանք մշտապես աչքի են ընկել հապճեպ, մակերեսային և իրենց միակ մտահոգության առիթ հանդիսացող՝ գործող իշխանությունը ամեն գնով տապալելուն միտված գործունեությամբ: Վերջին 32 տարում Քոչարյանը ունեցել է միայն մեկ շարժառիթ՝ ունենալ բացարձակ իշխանություն՝ այն ծառայեցնելով անձնական հարստություն կուտակելուն: Հիմա ունի մեկ մտահոգություն՝ ամեն գնով խուսափել արդարադատությունից՝ նպատակին հասնելու համար չխորշելով մուրալ օտարների և վարձկանների աջակցությունը: Սա ուղիղ հակասում է հասարակության համախմբմանը և Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին: Եթե անգամ Հայաստանին սպառնա ոչ թե կորոնավիրուսը, այլ Ադրբեջանը, ապա Քոչարյանի վարքագծում ոչինչ չի փոխվելու: 2016 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանին աջակցություն հայտնեցին անգամ Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը, Քոչարյանը լուռ էր, իսկ նրա կողմից ուղղորդվող քաղաքական գործիչները և մեդիան Սարգսյանին մեղադրում էին բոլոր մահացու մեղքերի մեջ: Այդպիսին է այդ մարդու տեսակը:
Հանրապետականներն ավելի զուսպ են, բայց նաև չկարողացան թաքցնել, որ այս պահին պատրաստ չեն համագործակցել ի շահ պետականության՝ կոշտ պայքարը և հռետորաբանությունը հետաձգելով վարակի հաղթահարումից հետո: Աշոտյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կոչից ընդամենը հասկացել էր, որ փորձ է արվում կռվեցնել Քոչարյանին ու Սարգսյանին: 10 տարի լինելով իշխանություն՝ Սերժ Սարգսյանը միայն դրանով է զբաղված եղել՝ կռվեցնել քաղաքական հակառակորդներին ու անգամ թիմակիցներին, որպեսզի ինքը դառնա միակ «իտոգ» տվողը: Հենց թերևս հին սովորույթներով է պայմանավորված, որ իրենց փոխարեն «առաջնագիծ» ուղարկեցին իրենց հիտլերյուգենդներին՝ մարուքյաններին, գեորգիսյաններին ու մնացած լուսավորներին:
Սրանք առաջինը վերցրեցին հարվածն իրենց վրա՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ինքնուրույն խաղացող չեն քաղաքական դաշտում: Ընդամենը թյունինգ արած ՕԵԿ են, որ պոպուլիզմի ու սոցիալական խնդիրները շահարկելով՝ իրենց ավանդն են դրել նախկին ռեժիմի սպասարկման գործում:
ԲՀԿ-ն աշխատում է լռություն պահպանել, բայց եթե շարունակի շահարկել օգնությունների թեման, ակնհայտ կդառնա, որ դա արվում է քաղաքական նպատակներով, և այդ ուժը պատրաստ չէ իշխանության հետ աշխատելով՝ իրական նպաստ բերել հասարակության և պետության առջև ծառացած խնդիրներին համակարգային լուծում տալուն:
Իշխանությունը չի կարող երկար պահպանել լռությունը, պետք է դիրքորոշում արտահայտի: Նրանք երկար ժամանակ չեն կարող թաքցնել՝ ճգնաժամը նրանց համար պատե՞հ առիթ է լռեցնելու ընդդիմախոսներին, թե՞ լայն կոնսոլիդացիայի ճանապարհով հաղթահարել այս իրավիճակը, որից հետո ամեն մեկը կգնա իր ճանապարհով:
Ամփոփելով նշենք՝ առաջին նախագահի հոդվածը արդեն ծառայում է իր նպատակին: Քաղաքական դերակատարները ստիպված բացում են խաղաքարտերը՝ հասարակության համար հեշտացնելով հասկանալ, թե ով ինչ նպատակ է հետապնդում:
Արիս Վաղարշակյան