...

Սուրբծննդյան կարկանդակ

Սուրբծննդյան կարկանդակ

Ներկայացնում ենք ավանդական պորտուգալական սուրբծննդյան կարկանդակը՝ թագի տեսքով և ձևավորված չրերով: Պորտուգալացիները կարկանդակի մեջ լոբու հատիկ են պահում: Ով գտնի այն, հաջորդ տարի ինքն է կարկանդակը թխելու: 

Կարկանդակը սկսեք պատրաստել մատուցելուց 5 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 500 գ ալյուր
  • 25 գ թարմ խմորիչ
  • 2 ձու
  • 100 գ կարագ
  • 2 նարինջ
  • 100 մլ կաթ
  • 70 գ շաքարավազ
  • 30 գ ընկույզ
  • 30 գ մայրու ծառի ընկույզ
  • 70 գ չամիչ
  • 50 գ նարնջի չորացրած կեղև
  • 150 գ չիր
  • կես ճ.գ. աղ
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

  1. Կարագն ու ձուն մի քանի ժամով թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
  2. Նարինջը լվացեք, հեռացրեք կեղևը, քամեք հյութը:
  3. Խմորիչն ու շաքարավազը խառնեք մեծ թասի մեջ, ավելացրեք տաք կաթը (38-40 աստիճան ցելսիուս), աղը, նախապես հարած ձուն, կարագը, նարնջի կեղևն ու նարնջի հյութը: Խառնեք:
  4. Ավելացրեք ալյուրը, խառնեք փայտից գդալով, ապա հունցեք խմորը: Թասը ծածկեք կտորով, 2 ժամ թողեք տաք տեղում, թող բարձրանա:
  5. Մինչ խմորը բարձրանում է, կտրատեք ընկույզն ու նարնջի չորացրած կեղևը: Կտրատեք նաև չրերը:
  6. Բարձրացած խմորը մի քիչ էլ հունցեք, ավելացրեք ընկույզը, չորացրած կեղևն ու չամիչը: Շրջանաձև տապակը պատեք կարագով, մեջտեղում փոքրիկ անցք թողեք, ալյուր ցանեք տապակին ու լցրեք խմորը:
  7. Խմորի վրա լցրեք չրերը, սեղմեք-մտցրեք դրանք խմորի մեջ, 45 րոպեով դրեք տաք տեղում:
  8. Ապա տապակը տեղադրեք 170 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ: Թողեք ջեռոցում 45 րոպե: Հանեք ջեռոցից, թողեք ցանցի վրա, որ հովանա, մոտավորապես 1 ժամ, վրան շաքարի փոշի ցանեք, մատուցեք:

Խորհուրդ: Կարկանդակի մեջ կարող եք ցանկացած մրգի չիր և նույնիսկ շոկոլադի փոքրիկ կտորներ օգտագործել: Չմոռանաք թաքցնել լոբու հատիկը, որպեսզի հյուրասիրությունը գրավիչ խաղի վերածեք:

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ