Խմորի մեջ թաթախված բանջարեղեն-ձկնիկները հիշեցնում են ճապոնական տեմպուրան: Իրականում, այս ուտեստը ճապոնական խոհանոց ներմուծել են պորտուգալացի միսիոներները 16-րդ դարում: Ուտեստի համար նախատեսված տոմատի սոուսը կարող եք և չպատրաստել, պարզապես գնել ձեր սիրածը:
Բաղադրիչները
4-6 բաժնի համար
- 500 գ կանաչ լոբի
 - 130 գ ալյուր
 - 2 ձու
 - 60 մլ ջուր
 - 500 մլ ձիթապտղի ձեթ
 - աղ
 
Սոուսի համար
- 5-6 շատ հասած, խոշոր լոլիկ
 - 1 մեծ սպիտակ գլուխ սոխ
 - 4-6 պճեղ սխտոր
 - մի փունջ մաղադանոսի ցողուններ
 - ձիթապտղի ձեթ
 - շաքարավազ, աղ, աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
- Սոուսի համար լոլիկները մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, կեղևն ու սերմերը հեռացրեք: Լոլիկի միջուկը, սոխն ու սխտորը մանր կտրատեք:
 - Փոքրիկ կաթսայի մեջ տաքացրեք մի քանի գդալ ձիթապտղի ձեթը, մի փոքր շաքարավազը, կտրտած սոխը, սխտորն ու լոլիկը: Թելով կապեք մաղադանոսի ցողուններն ու ավելացրեք կաթսայի մեջ: Ուժեղ կրակի վրա հաճախակի խառնելով՝ 10 րոպե եփեք: Հանեք կրակի վրայից, մաղադանոսի ցողունները հեռացրեք, սոուսը բլենդերում հարեք՝ մինչև միատարր զանգված ստանալը: Ըստ ճաշակի՝ համեմեք աղով, պղպեղով ու ձիթապտղի ձեթով:
 - Մեծ թասի մեջ խառնեք ալյուրն ու շատ սառը ջուրը, որպեսզի խիտ խմոր ստացվի: Ձվերը մի փոքր աղի հետ հարեք, ավելացրեք խմորին, լավ խառնեք:
 - Լոբու ծայրերը հեռացրեք: Լվացեք լոբին ու լավ չորացրեք:
 - Խոր կաթսայի կամ թավայի մեջ մոտ 4 րոպե տաքացրեք ձեթը: Լոբիները մտցրեք խմորի մեջ, ապա տեղադրեք կաթսայի մեջ, տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի լոբիները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Մատուցեք տաք տոմատի սոուսի հետ:
 
Խորհուրդ: Լոբու հետ կարող եք նաև ցուկինի, բադրիջան ու գազար տապակել: Բադրիջանների վրա լավ է նախապես աղ անել ու 10-20 րոպե թողնել, ապա լվանալ ու չորացնել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020