Պորտուգալական խոհանոցում ավանդական առաջին ուտեստները արգանակի կամ ջրի հիմքով հացով թանձր ապուրներն են: Հացով ապուրի տարբերակները շատ-շատ են՝ մանր ձկներով, բանջարեղենով, կանաչիով ու ձվով:
Մեր առաջարկած տարբերակն ամենահեշտն ու արագն է:
Բաղադրիչները
4-6 բաժնի համար
- 600 գ չորացրած սպիտակ հաց
- 4-6 ձու
- 12 ձիթապտուղ
- 4 պճեղ սխտոր
- փոքրիկ փունջ համեմ
- 2 ճ.գ. գինու քացախ
- 6 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- ծովի խոշոր աղ
Պատրաստման եղանակը
- Համեմը մանր կտրատեք, սխտորը մաքրեք: Հացը փոքր կտորների բաժանեք:
- Սխտորը, համեմն ու ծովի աղը ճզմեք, մինչև միատարր զանգված ստանալը: Այդ զանգվածը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ձիթապտղի ձեթն ու խառնեք:
- Լայն կաթսայի մեջ մի փոքր աղով ու քացախով եռացրեք ջուրը: Ձվերից յուրաքանչյուրը ջարդեք ափսեի մեջ, հետո լցրեք եռացող ջրի մեջ: Այս ձևով միաժամանակ կարող եք 3 ձու պատրաստել: Պատրաստի ձվերը նրբորեն չորացրեք կտորից անձեռոցիկներով, որպեսզի սպիտակուցային թաղանթը չպատռվի:
- Սոուսին ավելացրեք 3 բաժակ եռացրած ջուրը, որը մնացել է ձվերը պատրաստելուց հետո: Խառնեք ու այդ խառնուրդի մեջ լցրեք հացը: Թույլ կրակի վրա տաքացրեք, լավ խառնեք, որպեսզի հացը թրջվի:
- Ապուրը լցրեք տաքացրած ափսեների մեջ՝ յուրաքանչյուրի մեջ ավելացնելով մեկական ձու և ձիթապտուղները (կարող եք օղակաձև կտրտել դրանք, կիսել կամ էլ ամբողջական թողնել):
- Անմիջապես մատուցեք:
Խորհուրդ: Ցանկության դեպքում ջրի փոխարեն կարող եք բանջարեղենի կամ հավի արգանակ օգտագործել, իսկ համեմի հետ մեկտեղ նաև մաղադանոս ու սամիթ ավելացնել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020