Հունաստանում, որտեղ ձմռանն ամենևին էլ շոգ չէ, ողջ տարին մեծ սեր է վայելում ֆրապպե սուրճը: Սովորական սուրճի փոխարեն այն պատրաստում են լուծվող սուրճից: Ասում են, որ այս բաղադրատոմսն առաջարկել են ուսանողները, որոնք ամառային քննությունների ժամանակ նրա օգնությամբ են պահպանել իրենց ուժերն ու կենտրոնացվածությունը: Այս սուրճի համար կարևորն այն է, որ բաժակի մակերեսին խիտ փրփուր-շապիկ առաջանա: Առանց դրա ֆրապպեն ֆրապպե չի լինի, այլ սովորական կաթով սուրճ:
Բաղադրիչները
- 1,5 ճ.գ. լավ լուծվող սուրճ
- 3 թ.գ. շաքարավազ
- 3/4 բաժակ ջուր
- սառույց
- խտացրած կաթ՝ ըստ ճաշակի (սովորաբար 2 թ.գ.)
Պատրաստման եղանակը
- Միքսերի կամ շեյքերի մեջ լցրեք սուրճը, շաքարավազը, խտացրած կաթն ու 3-4 ճ.գ. սենյակային ջերմաստիճանի ջուրը:
- Հարեք մինչև բաց գույնի փրփուր առաջանալը:
- Ստացված խառնուրդը լցրեք բարձր բաժակի մեջ, բարակ շիթով լցրեք սառը ջուրն ու ավելացրեք սառույցը:
- Միանգամից մատուցեք ձողիկի հետ միասին:
Խորհուրդ: Շաքարավազի ու խտացրած կաթի նման քանակությունը կարող է ձեզ համար շատ քաղցր լինել (հույները քաղցրակեր են): Այնպես որ՝ սուրճի քաղցրությունը կարող եք ձեր ճաշակով կարգավորել: