...

Քաղցր ու համեղ. Թահինից թխվածքաբլիթ

Քաղցր ու համեղ. Թահինից թխվածքաբլիթ

Գիտե՞ք, որ քունջութե մածուկ թահինը օգտագործում են ոչ միայն աղի ուտեստների կամ հումուսի, այլև քաղցրավենիքների մեջ: Իրականում թահինը չեզոք համ ունի. իզուր չէ, որ նրանից հալվա են պատրաստում կամ նրանով պատում են համբուրգերների հացը:

Այս թխվածքաբլիթն էլ շատ համեղ է ստացվում և մի փոքր հիշեցնում է քունջութե հալվան:

Բաղադրիչները
8-10 բաժնի համար

  • 2 բաժակ ալյուր
  • 2/3 բաժակ թահին (քունջութե մածուկ)
  • 100 գ կարագ
  • 100 գ շաքարավազ
  • 1 ճ.գ. վանիլային շաքարավազ
  • 1 թ.գ. փխրեցուցիչ
  • մի պտղունց աղ
  • մաքրած, չբոված նուշ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Կարագը փափկեցրեք, բայց մի հալեցրեք: Մեծ թասի մեջ կարագը հարեք սովորական ու վանիլային շաքարավազի հետ, ապա ավելացրեք թահինը և փայտե գդալով խառնեք: Լավ խառնեք. սովորաբար թահինը խիտ է, իսկ դուք պիտի միատարր զանգված ստանաք:
  2. Կարագի և թահինի զանգվածի մեջ ավելացրեք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը, խմոր հունցեք:
  3. Խմորից գունդ արեք, կերակրի թաղանթի մեջ փաթաթեք և 1 ժամով տեղադրեք սառնարանում:
  4. Խմորը մոտավորապես ընկույզի մեծության մասերի բաժանեք ու դրանցից գնդիկներ արեք:
  5. Գնդիկները իրարից որոշակի հեռավորության վրա տեղադրեք փայլաթիթեղով պատած տապակի մեջ:
  6. Յուրաքանչյուր գնդիկը մի փոքր սեղմեք ու կենտրոնում սեղմեք-տեղադրեք նուշը:
  7. 12-15 րոպե թխեք 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Մատուցելուց առաջ լրիվ հովացրեք:

Խորհուրդ: Թխվածքաբլիթը նուշի փոխարեն կարող եք զարդարել պնդուկով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ