...

ՀՀ տարածքի քանի՞ տոկոսն է ռուսներին դուրս մղելու գնի «ատկատը»

ՀՀ տարածքի քանի՞ տոկոսն է ռուսներին դուրս մղելու գնի «ատկատը»

Եվ այսպես, ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը և հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում չի հանդուրժի։ Ադրբեջանը, մեղմ ասած, առայժմ արհամարհում է աշխարհի թիվ մեկ գերտերության կոչը։ Համենայն դեպս՝ ադրբեջանական կուտակումները շարունակվում են, Լաչինի միջանցքն էլ փակ է։ Ի՞նչն է պատճառը, Ադրբեջա՞նն է իրեն անպատիժ համարում, թե՞ Անկարայից են հրահանգել առայժմ չշտապել, որովհետև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև մեծ առևտուրը դեռ չի ավարտվել։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է տեղի ունենում։

Տեղի է ունենում այն, որ Արևմուտքում նկատել են Հայաստանի իշխանությունների՝ աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու և Ռուսաստանից պոկվելու ջանքերն ու միաժամանակ արձանագրել են, որ Հայաստանը վերջնականապես չի կարող անել դա, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնում է ոչ միայն ոչնչացնել արցախահայությանը, այլև ցանկացած պահի ներխուժել Հայաստան։ Այսինքն՝ այսօր Արևմուտքն ադրբեջանական ագրեսիվ ծավալապաշտությունն ընկալում է որպես Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու հիմնական խոչընդոտ․ կա Հայաստանը գրավել սպառնացող Ադրբեջան՝ կա ՀԱՊԿ անդամ Հայաստան, այդ սպառնալիքը չի լինի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ չի լինի։ Այստեղից էլ՝ Արևմուտքի ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ, որոնց իմաստը մոտավորապես սա է․ «հանգիստ թողեք հայերին, չե՞ք հասկանում, որ ուզում են ռուսների տակից դուրս գալ, իսկ դուք ձեր սպառնալիքներով միայն խանգարում եք»։

Աշխարհաքաղաքական առումով 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցած ամենաէական փոփոխություններից մեկը, ի դեպ, հենց սա է․ եթե 22 տարի շարունակ Ռուսաստանը Հարավային Կովկասում էր Հայաստանի շնորհիվ (ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի՝ «ռուսական ֆորպոստ» լինելն այլընտրանք չուներ, ու մեծ հավանականությամբ՝ հենց այդ նպատակով էլ հակամարտությունը չէր կարգավորվում), ապա 44-օրյա պատերազմից հետո արդեն Ադրբեջա՛նը դարձավ Հարավային Կովկասում ռուսական ներկայությունն ապահովելու հիմնական գործոն։ Հետևաբար, Ադրբեջանի (ու Թուրքիայի) համար «հանգիստ թողնել հայերին»՝ նշանակում է նպաստել, որ Ռուսաստանը վերջնականապես դուրս մղվի Հարավային Կովկասից, այսինքն՝ նշանակում է շատ մեծ ծառայություն մատուցել Արևմուտքին։ Բաքվում ու Անկարայում սա շատ լավ հասկանում են, դրա համար էլ մեծ ծառայության դիմաց մեծ գին են ուզում Արևմուտքից, կամ՝ Արևմուտքին այդ մեծ ծառայությունը չմատուցելու դիմաց մեծ գին են ուզում Ռուսաստանից։ Բաքու-Անկարա տանդեմի մոդերատորը, հասկանալի է, Թուրքիան է, բայց այդ երկրներից յուրաքանչյուրն իր առանձին գինն է պահանջում Արևմուտքից կամ Ռուսաստանից։ Ավելի կոնկրետ՝ Թուրքիան «Հայաստանը Ռուսաստանից պոկելուն օգնելու» դիմաց Արևմուտքից պահանջում է Հայաստանին ստիպել մեկառմիշտ փակել Ցեղասպանության և ընդհանրապես՝ անցյալի թեման, նպաստել, որ Ռուսաստանից ձերբազատված Հայաստանը փաստացի լինի իր պրոտեկտորատը, և այլն, իսկ Ադրբեջանն իր հերթին պահանջում է նպաստել արցախահայության «ինտեգրմանը» ու հետագայում աչք փակել ամբողջական հայաթափման վրա, Հայաստանին ստիպել «սուվերեն միջանցք» տրամադրել և վերաբնակեցնել «ադրբեջանցի փախստականներին» Սյունիքում ու Սևանի ավազանում, և այլն։

Արևմուտքը կարծես թե առանձնապես դեմ չէ այս «օրակարգին», Հայաստանի իշխանությունները՝ նույնպես։ Որոշ կետերի դեմ դիմադրում են, բայց մեծ հաշվով՝ ակնհայտորեն դեմ չեն։ Ռուսաստանն էլ իր հերթին սեփակա՛ն գինն է առաջարկում Թուրքիային ու Ադրբեջանին, որի իմաստը մոտավորապես հետևյալն է՝ «հանկարծ Արևմուտքի առաջարկին չհամաձայնվեք, թողեք մենք մնանք տարածաշրջանում ու այդ ամենը մեր ձեռքով ապահովենք, միակ տարբերությունն այն կլինի, որ Հայաստանից ինչ մնա՝ կլինի ոչ թե Թուրքիայի, այլ մե՛ր պրոտեկտորատը»։ Այ սրան Հայաստանի իշխանությունները դեմ են։

Իսկ մեծ առևտուրը շարունակվում է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ