...

Հիբրիդային պատերազմի երկրորդ ճակատը

Հիբրիդային պատերազմի երկրորդ ճակատը

Բաքվում շատ արագ են հասկանում Մոսկվայից եկող ազդակները։ Նախ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունները բավականին նյարդային լեզվակռվի մեջ մտան, ապա Ստեփանակերտում փաստացի իշխանափոխություն տեղի ունեցավ, նույն օրը ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրմանը, բառացիորեն ժամեր անց Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե Թուրքիան կարող է շատ կարևոր կառուցողական դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, և Ադրբեջանը միանգամից սրեց իրավիճակը Սոթքի ուղղությամբ։ Հասկացան, որ պահը հարմար է, ու որոշեցին մասշտաբային սադրանքի դիմել։ Ի դեպ՝ Երևանում կազմակերպվելիք մեծ հանրահավաքի նախօրեին։ Հանրահավաք, որին անձամբ մասնակցելու մասին արդեն հայտարարել են և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը։

Մի քիչ շատ չե՞ն իրադարձություններն ընդամենը երկու օրվա համար։ Ի՞նչ է տեղի ունենում։

Տեղի է ունենում այն, որ Ադրբեջանը չի ցանկանում սպասել մինչև 2025 թվականը և փորձում է արագացնել Արցախի «ռեինտեգրացիան» (պարզ ասած՝ հայաթափումը), ու դա փորձում է անել «մարդասիրական շարասյուներն» ուժով Ստեփանակերտ հասցնելու միջոցով։ Ռուսաստանն էլ ոչ ուզում է կանխել դա (որովհետև չի ցանկանում փչացնել հարաբերությունները Բաքվի հետ), ոչ էլ ուզում է, որ դա արագ տեղի ունենա։ Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունն այս առումով թերևս կարճաժամկետ լուծում էր, բայց միևնույն է՝ ռուսները տեսնում են, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ «ուժային ռեինտեգրացիան» ժամանակի խնդիր է, և փորձում են իրենց համար հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ ժամանակը։ Որովհետև եթե Ադրբեջանը կարողանա կարճ ժամանակում հայաթափել Արցախը, իսկ Ռուսաստանն այդ ընթացքում չհասցնի Հայաստանից պոկել իր ուզածը (լիակատար վերահսկողություն սահմանների ու ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ), կստացվի, որ ռուսները «Թուրքիայի հետ համատեղ բարդ օպերացիա իրականացրեցին», բայց այդպես էլ իրենց բաժին «քյարը» չստացան։ Դրա համար էլ զուգահեռաբար Ադրբեջանին «քսի են տալիս» Հայաստանի ուղղությամբ, որպեսզի Հայաստանը, այլ ելք չունենալով, համաձայնվի Ռուսաստանին հանձնել վերջինիս «փայը»։ 

Սա այնքան ակնհայտ է, որ անգամ հավելյալ ապացույցների կարիք չկա։ Բավական է նշել միայն, որ անգամ ՆԱՏՕ-ն չի համարձակվում անմիջականորեն ռազմական առճակատման մեջ մտնել ՀԱՊԿ-ի հետ, իսկ Ադրբեջանը փաստորեն հարձակվում է ՀԱՊԿ անդամ երկրի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև Ռուսաստանը տվել է այդ «քարտ-բլանշը»՝ հայտարարելով, թե հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէ, հետևաբար իրենք, իբր, այնքան էլ վստահ չեն՝ Ադրբեջանը ՀՀ տարածք ներխուժե՞լ է, թե՞ ոչ։

Ինչևէ։ Ունենք այն, ինչ ունենք, և այս իրավիճակում մեր գերխնդիրը պիտի լինի մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելը։ Ոչ թե «կամ ինքնիշխանությունը, կամ տարածքային ամբողջականությունը», այլ և՛ մեկը, և՛ մյուսը։ Պրոբլեմն ընդամենը այն է, որ Հայաստանը ներսից է պառակտված, իրար կոկորդ կրծող «քաղաքական ուժերն» էլ բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկը ինքնիշխանությա՛ն վրա թքած ունի (որովհետև իրենց «Թաթարստանի» կարգավիճակն էլ է հերիք), մյուսը՝ տարածքային ամբողջականության (որովհետև Հայաստանի կեսը «ամայի-անբնակ սարեր են»)։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ