...

Հիմա էլ՝ «միջանցք տվողին հանձնենք հողին»

Հիմա էլ՝ «միջանցք տվողին հանձնենք հողին»

Երևանի քաղաքապետի ընտրությունները կարելի է ամփոփել ընդամենը մեկ նախադասությամբ․ «Կարգին Հայկոն ու Ռոբի Անդոն մնացին բորտին, իսկ քաղաքապետ դարձավ Դոգի Տիկոն»։ Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա այն փաստը, որ Երևանի ընտրողների ընդամենը 9 տոկոսի ձայները ստացածը դառնում է քաղաքապետ, ճշգրտորեն արտացոլում է իրավիճակն ամբողջ Հայաստանում։ Մեծ հաշվով՝ երկրում նույն վիճակն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ունենալով բնակչության մոտ 9 տոկոսի աջակցությունը (մի քիչ ավել-մի քիչ պակաս), տարբեր մանիպուլյացիաներով ու պարզունակ «շուստրիություններով» շարունակում է միանձնյա ղեկավարել երկիրն ու անել՝ ինչ խելքին փչի։ Ու դա նրան հաջողվում է, որովհետև լուրջ ընդդիմություն փաստացի գոյություն չունի, եղածն էլ փորձում է ոչ թե անկեղծորեն խոսել ժողովրդի հետ, այլ Նիկոլից ավելի ճարպկորեն խաբել։

Հայաստանում իշխանություններ-ընդդիմություն բանավեճը վաղուց վերածվել է սովորական լեզվակռվի, ընդ որում՝ անգամ այդ լեզվակռվի բովանդակությունն է խեղաթյուրված ու 180 աստիճանով շուռ տված։ Նիկոլը հայտարարում է, թե պատրաստ է հենց այսօր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, սահմանազատում իրականացնել, անկլավները հանձնել ու ճանապարհները բացել, ընդդիմությունն էլ գոռգոռում է, թե «ժողովուրդ ջան, հասեք-փրկեք, եթե Նիկոլը դա ստորագրի՝ Հայաստանը վերանալու է, հնարավորինս արագ նրան տապալեք ու իշխանությունը տվեք մեզ, որպեսզի դա կանխենք»։ Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Նիկոլը ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրելու (որպեսզի իրեն «դավաճան» չասեն») ու գերադասելու է, որ Ադրբեջանն ուժով վերցնի և՛ անկլավները, և՛ «Զանգեզուրի միջանցքը»։ Այսինքն՝ դավաճանի պիտակից խուսափելու համար Նիկոլը Հայաստանը ներքաշելու է նոր աղետալի պատերազմի մեջ։ Այլ կերպ ասած՝ պրոբլեմն այն չէ, որ Նիկոլը համաձայնագիր է ստորագրելու, պրոբլեմն այն է, որ չի՛ ստորագրելու։ Այնպես, ինչպես 2020-ի հոկտեմբերին պատերազմը կանգնեցնելու թուղթը չստորագրեց ու գերադասեց «ոչ թե թղթով տալ, այլ արյունով»։ Հիմա նույնն անելու է անկլավների ու միջանցքի հետ։

Կգտնվի՞ արդյոք Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժ, որը կհամարձակվի բարձրաձայն հայտարարել, որ մտադիր է իշխանափոխություն իրականացնել, որպեսզի առանց «դավաճանի» պիտակից վախենալու ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ ու խաղաղության համաձայնագիր ստորագրի՝ պահելով այն, ինչը հնարավոր է պահել, իսկ ինչը հնարավոր չէ՝ հանձնի ոչ թե արյունով, այլ թղթով։ Եթե նման համարձակ ուժ գտնվի՝ Հայաստանի քաղաքական դաշտն ու ներքաղաքական պայքարն ինչ-որ իմաստ կստանան, հասարակությունն իրական ընտրության հնարավորություն կունենա, Նիկոլի քաղաքական արկածախնդրությունն էլ կզրկվի մենաշնորհային դիրքից ու շատ արագ կչեզոքացվի։ Չի գտնվի՝ կշարունակվի «ամեն ինչ բացառապես արյունով հանձնելու» գործընթացը, որի քաղաքական ձևակերպումը ցավալիորեն ծանոթ է՝ «կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք զիջել»։ 

Ընդ որում՝ այս հարցում խորհրդարանական կամ «տիտղոսակիր» ընդդիմության հետ հույսեր կապելն անիմաստ է։ Ընդամենը մեկ ամիս առաջ այդ ուժերի ստեփանակերտյան հովանավորյալները մերժեցին «թղթերով ինտեգրումը», որպեսզի իրենց դավաճան չասեն, ու տասը օր անց Արցախը հայաթափվեց ոչ թե «ինտեգրման թղթով», այլ արյունով։ Հիմա ինչո՞ւ պիտի Սյունիքի ճանապարհների հարցում այլ մոտեցում ցուցաբերեն ու բանակցեն Ադրբեջանի հետ, եթե հայրենասիրական պոզաներ ընդունելու տեսանկյունից ավելի շահավետ է արյունով հանձնելն ու հետո բոցաշունչ ելույթներով աշխարհից արդարություն պահանջելը։

Առավել ևս՝ որ հանրային գիտակցության մեջ առ այսօր չի արմատավորվել այն միտքը, որ մեծագույն դավաճանությունը հանուն սեփական PR-ի հազարավոր մարդկանց մահվան տանելն է՝ եթե դրանից խուսափելու իրական հնարավորություն կա։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ