...

Հիմարություններ, որ պիտի արվեն ու ասվեն, որ շուտ վերջանան

Հիմարություններ, որ պիտի արվեն ու ասվեն, որ շուտ վերջանան

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ուղիղ 20 տարի առաջ՝ 2001 թվականին հրապարակված «Չորրորդ իշխանություն» թերթի վերլուծական հոդվածներից մեկը, որում հեղինակը «ռազմական հաղթանակի գնի» հասարակական-քաղաքական ընկալման շուրջ իր մտահոգություններն է արտահայտում։ Եվ վերջաբանում հույս է հայտնում՝ «Իսկ գուցե դեռ ուշ չէ՞»: Պատասխանը թողնում ենք ընթերցողին։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
    
Հիվանդություններ կան, որոնցով մարդ արարածը կյանքում գոնե մի անգամ անպայման պիտի հիվանդանա: Օրինակ՝ խոզուկը, կարմրուկը, ջրծաղիկը և այլն: Եվ լավ է, որ հիվանդանա փոքր ժամանակ՝ շուտ կհաղթահարի: Հիմարություններ կան, որ պիտի ասվեն (դուրս տրվեն) և արվեն փոքր ժամանակ և վերջանան, քանի որ մեծ ժամանակ դրանք այլևս ոչ թե հիմարություններ են, այլ այլասերումներ և այլանդակություն, տգիտություն, ինքնահաստատում, պատուհաս մարդկության գլխին:

Այդպես է նաև նորանկախ պետությունների կյանքում: Կան փուլեր, որոնք անպայման պետք է ժամանակին հաղթահարել, թե չէ հետո գլուխ կբարձրացնեն ամենաանհարմար պահին: Օրինակ՝ քաղաքացիական պատերազմը: 

Երկրի ներքաղաքական կայունության արժեքը կարող են հասկանալ միայն այն հասարակությունները, որոնք տեսել են անկայունության ողջ ծանրությունը: Օրինակ՝ Վրաստանում շատ լավ են հասկանում դրա արժեքը, որովհետև տեսել են, թե ինչպես են Գամսախուրդիայի զինված ջոկատները մարտերով մոտենում Թբիլիսիին, տեսել են, թե ինչպես էին քաղաքի կենտրոնում տանկերը ռմբակոծում խորհրդարանի շենքը: Հասկանում են նաև Ադրբեջանում՝ որովհետև տեսել են, թե ինչպես էր գեներալ Հուսեյնովի տանկային դիվիզիան ներխուժում Բաքու, և թե ինչպես են սեփական բանակի տանկերի թրթուրների տակ հայտնվում իրենց իսկ արյունակիցները: 

Հայաստանում ներքաղաքական կայունության գինն այդպես էլ չհասկացան: Երևի մեղավորը ՀՀՇ-ական իշխանություններն էին, որոնք «անհեռատեսորեն» ժամանակին կանխեցին ՀԱԲ-ի գործունեությունը: Պարզվում է՝ պետք չէր կանխել: Պետք էր թույլ տալ, որ մի քանի շենք գրավեն, մի քանի տասնյակ անմեղ մարդ զոհվեր, որ անմեղ այդ մարդկանց թաղումների ու քաղաքի կենտրոնում տանկերի համազարկերի տակ գուցե մարդիկ հասկանային, որ ներքաղաքական կայունությունը թանկ հաճույք է: 

Հայաստանում չեն հասկանում նաև ռազմական հաղթանակի գինը: Ավելի ճիշտ՝ այդ հաղթանակի շնորհիվ նվաճված խաղաղության գինը: Վրաստանում և Ադրբեջանում հասկանում են, որովհետև այդ երկուսն էլ պատերազմում պարտված պետություններ են: Իսկ Հայաստանը երբևէ պարտված պետություն չի եղել: Որովհետև մենք միշտ այնպիսի մոլեռանդությամբ ենք ջախջախվել, որ կորցրել ենք մեր պետականությունը: Պարտված պետության կարգավիճակը մեզ համար անհասկանալի է: Խորթ է նաև հաղթած պետության կարգավիճակը՝ անսովորությունից ջաններս խուտուտ է գալիս, ու բնազդաբար անում ենք ամեն ինչ՝ մեզ հոգեհարազատ տարերքին (ջախջախված ու ցեղասպանված) վերադառնալու համար: 

Պետության զարգացումն իր որոշակի տրամաբանությունն ունի, և զարգացման փուլերի հերթականության խախտումը ծանր հետևանքների է հանգեցնում: Մեզ մոտ այդ հերթականությունը խախտված է: Տրամաբանորեն հակառակը պիտի լիներ (ինչպես եղավ Վրաստանում և Ադրբեջանում)՝ պիտի իշխանության գային տարբեր տեսակի վոյիններն ու ծովից ծով Հայաստանի տեսլականը փեշակ դարձրած ազգայնականները, պիտի սպառնային Ստամբուլը դարձնել արյան ծով (արդյունքում՝ արյան ծով դառնար խորհրդարանը), և հետո միայն հասարակությունը տեսներ, մաշկի վրա զգար ու հասկանար, որ այդպես չի կարելի: Հետո միայն հասարակությունն իշխանության բերեր այն ուժերին, ովքեր հասկանում են, որ բոլոր հարևանների հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, որ մեզ պետք է կայուն խաղաղություն, ոչ թե «ստատուս քվո», որ ահաբեկչությունը քաղաքական պայքարի ձև չէ, որ չի կարելի պետության տնտեսական զարգացումը պայմանավորել սաունաների առատությամբ ու արտադրանքի վրա հայհոյանքներ գրել... 

Իսկ գուցե դեռ ուշ չէ՞: Գուցե այս իշխանությունների «գործունեության արդյունքում» մեր հասարակությունը դեռ կհասկանա՞ կայունության ու խաղաղության արժեքը: Հասկանալը՝ կհասկանա: Բայց արդյոք այդ ընթացքում մեր պետականությունը կորցրած չե՞նք լինի: Եվ արդյոք հաջորդ շանսը չե՞նք ստանա մի 70-80 տարի անց՝ երբ այդքան թանկ գնով ձեռք բերված գիտելիքները հերթական անգամ մոռացված կլինեն: 

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն» N71, 23 մարտի, 2001թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1209 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ