Ակնհայտ է՝ պանդեմիայի հետևանքով աշխարհում ստեղծված վիճակը որևէ նախադրյալ չի ենթադրում, որպեսզի Արցախի հարցը գերտերությունների համար առաջնային դառնա, և նրանք մոտ ապագայում գնան կոնֆլիկտի հանգուցալուծման ճանապարհով:
Լավրովի երեկվա հայտարարությունն իրականում բոնուս է Հայաստանի նախկին իշխանություններին, որպեսզի նրանց պայքարը գոնե մի փոքր բովանդակություն ստանա: Եվ նրանք, ստանալով նվերը, անցել են գործի՝ քննադատում են, պահանջում, վրդովվում և այլն: Առաջիկա ամիսներին ու տարիներին օտար պետությունները և հատկապես Ռուսաստանը ավելի ինտենսիվորեն են օգտագործելու Արցախի խաղաքարտը Հայաստանի ներքաղաքական վիճակը ապակայունացնելու և իրենց համար շահավետ ճանապարհով ուղղորդելու նպատակով:
Հայաստանի գործող իշխանություններից պահանջվում է մեծ ճկունություն և արկածախնդրության նկատմամբ զրո հանդուրժողականություն, որպեսզի չընկնեն լարած թակարդը: Մինչդեռ դրա փոխարեն, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստեր են գումարում: Չստանալով որևէ կոնկրետ արդյունք՝ նրանք միս ու արյուն են տալիս Երևանի և Մոսկվայի այն շրջանակների պնդումներին, թե Հայաստանի իշխանությունները հրապարակային դաշնակցային հայտարարությունների քողի տակ իրականում զբաղված են հակառուսական տրամադրությունների գրգռմամբ: Լավրովի երեկվա հայտարարություններից նաև պարզ դարձավ, որ նրանց անհանգստացնում է Հարավկովկասյան երկաթուղում իրականացվող դատախազական քննությունը: Հաշվի առնելով ռուսական վերնախավի կոռումպացվածությունը՝ դժվար չէ ենթադրել, որ Կրեմլում նույնպես անմասն չեն մնացել երկաթուղու հարյուր միլիոնավոր դոլարների յուրացումներից:
Եթե Արցախի հարցը չլիներ, միգուցե ընդունելի և տանելի լիներ հինգերորդ շարասյան հետ մուկն ու կատու խաղալու գործող իշխանության վարքագիծը: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ուստի հինգերորդ շարասյան չկազմաքանդումը, հիմքերի չխարխլումը, նրա մեդիաների պրոպագանդայի դեմ արդյունավետ միջոցների չհակադրումը կարող է բերել շատ վատ հետևանքների: Օրինակ, երկու տարի է հանրային հեռուստատեսությունը նոր իշխանությունների վերահսկողության տակ է, սակայն չկա մեկ վավերագրական ֆիլմ, որը կպատմի, թե ինչ զարգացումներ է ապրել Արցախի միջազգային կարգավորման հարցը վերջին 20 տարիների ընթացքում: Պետք չէ կարծել, որ ուղեղների լվացման վերջին քսան տարիները որևէ հետևանք չեն թողել, և բոլոր հայաստանցիները գիտեն, թե ինչ զարգացումներ է ապրել Արցախի խնդրի կարգավորումը Քոչարյանի և Սարգսյանի օրոք:
«Հիասթափվածների» հետ կարելի է երկար բարակ տուն-տունիկ խաղալ, սակայն հինգերորդ շարասյան դեպքում դա կործանարար հետևանքներ կունենա:
Արիս Վաղարշակյան