Պատերազմը և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացները մի նոր դիսկուրս են առաջացրել: Այդ դիսկուրսի առաջացման համար պարարտ հող հանդիսացան եվրոպական պետությունների և կառույցների ամորֆ գործունեությունը ու անհասցե գնահատականները: Սրա արդյունքում հայտնի ուժերը սկսեցին գեներացնել այն միտքը, թե ժողովրդավարությունը ավելորդ ճոխություն է Հայաստանի համար: Առավել «անկեղծները» գնացին ավելի հեռուն և պնդեցին, որ ընդհանրապես այս պատերազմի պատճառը 2018 թվականի հեղափոխությունն է:
Մեկընդմիշտ պետք է հասկանալ մեկ կարևոր իրողություն. ժողովրդավարության ճանապարհը կամ պայքարը կոռուպցիայի դեմ մենք ընտրել ենք ոչ թե մեկին դուր գալու, մեկի արտաքին քաղաքական օրակարգը սպասարկելու համար, այլ միայն ու միայն մեր համար՝ նպատակ ունենալով հզորացնել Հայաստանը:
Հեղափոխության արդյունքում չի փոխվել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, երկիրը չի փոխել իր անվտանգային համակարգը: Եվ որքան էլ որոշ պսևդոռուսահայեր և Բաքվից սնվող ռուս փորձագետներ մեղադրեն նոր իշխանություններին արևմտամետության կամ այլ մեղքերի մեջ, պարզ է, որ 2.5 տարիների ընթացքում որևէ վնաս չի հասցվել դաշնակցային հարաբերություններին:
Վերադառնանք ժողովրդավարություն հաստատելու օգուտներին ու վնասներին: 2.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել ավելի շատ զենք, քան ծրագրավորվում էր մինչև հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցային լավ հարաբերությունները պահպանելու միջոցով, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում առաջացած գումարների շնորհիվ: Եվ միայն կարելի է սարսափել, թե ինչ կլիներ, եթե այս պատերազմը իր մասշտաբներով տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք:
Ժողովրդավարությունը իբրև չարիք և պատերազմի պատճառ նշող ուժերը պետք է մարգինալացվեն, իսկ նրանցից ոմանք՝ պատերազմից հետո կանչվեն պատասխանատվության: Կանչվեն պատասխանատվության, որովհետև սպասարկում են այն ուժերի օրակարգը, որոնք բանակը սպառազինելու փոխարեն կառուցել են դղյակներ, գնել են արտասահմանյան գործարաններ, աֆրիկաներում իրականացրել են սաֆարի, իսկ Հայաստան վերադառնալու ճանապարհին ձեռք են բերել ոսկու հանքեր: Ժողովրդավարությունը չէ մեղավոր, որ այսօր չունենք բայրաքթարներ, բայց ունենք նախկին իշխանությունների երկրորդ էշելոնի ներկայացուցիչների առանձնատներ Փարիզում, Նիցում և Դուբայում:
Արիս Վաղարշակյան