...

Հպարտ ձախողակները

Հպարտ ձախողակները

Լավ, ընդունենք մենք բոլորս սխալ ենք, միայն Նիկոլ Փաշինյանն է ճիշտ: 30 տարի ձախողել ենք ամեն ինչ, այդ թվում՝ պետական ինստիտուտների կառուցումը: Բայց մի փոքր անհամապատասխանություն է առաջանում: Եթե ամեն ինչ ձախողել ենք, ինչո՞ւ է պարոն վարչապետը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ ժողովրդին դիմելիս նշում՝ հպարտ քաղաքացիներ: Ինչի՞ վրա ենք հպարտ: Մի ամբողջ ազգ անմեղսունա՞կ է, որ 30 տարի ձախողել է ամեն հնարավորը, բայց հպարտ է: Իրականության հետ խնդիրներ ունեցողները միայն կարող են ձախողել իրենց կյանքը, բայց գոհ լինել, քանի որ հպարտ լինելու համար պետք է գոհ լինես քո արած աշխատանքից ու հետագծից: Ըստ վարչապետի՝ ստացվում է, որ կա 30-ամյա երիտասարդ, որ չի ստացել կրթություն, երբեք չի աշխատել, չի ստեղծել ընտանիք, բայց մի տաս օր քայլել է և հիմա հպարտ է:

Բոլորն էլ վաղուց հասկացել են, որ բարդույթներ կան, որոնք լրջորեն խանգարում են թե՛ իրական վիճակը ճիշտ գնահատելուն, թե՛ անցյալի վերաբերյալ պատմական հոպ-ստոպով չզբաղվելուն, բայց ինչպես դասականն էր ասում՝ ինչո՞ւ եք եկել և մեր տոնը փչացնում: Կամ, ինչպես ասում է մեկ այլ դասականը՝ ավելի լավ է խոստովանեիր, որ կենաց ասել չգիտես:

Այն, որ նախկին ռեժիմը թաղված էր կոռուպցիայի մեջ, ոչ ոք չի վիճարկում, բայց չափազանցություն է դրա կողքին պնդել, թե կար ինստիտուտների բացակայություն: Եթե իսկապես այդպես լիներ, ոչ մի ոչ բռնի թավշյա հեղափոխություն չէր կարող լինել, որովհետև ինստիտուտներից զուրկ պետությունում չեն լինում ոչ բռնի տոտալ գործընթացներ:

Առողջ բանականության բացակայության և պատմության նկատմամբ այսպիսի վերաբերմունքով հեռու չէ այն օրը, երբ ֆրանսիական հեղափոխության օրինակով գործող իշխանությունը կառաջարկի փոխել ամիսների անվանումը: Օրինակ՝ ապրիլ ամիսը կառաջարկի անվանել Դմփ-դմփ-հու, հոկտեմբերը՝ Հպարտ, իսկ դեկտեմբերը՝ Վերածնունդ:

Հատկապես զավեշտալի է, երբ հերքում ես ուրիշների կառուցած պետական ինստիտուտներն այն դեպքում, երբ երկու տարի է՝ չես կարողանում ավարտին հասցնել այդ ինստիտուտներից մեկի՝ ՍԴ-ի կոսմետիկ վերանորոգումը: Հատկապես այն դեպքում, երբ հպարտ ժողովուրդը դա անելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները տվել էր քեզ:

Պատմության ռեվիզիոնիզմը դեռ ոչ մեկին լավ տեղ չի հասցրել, բացառություն չեն անգամ մեծ հեղափոխականները:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ