Երեկ Սիցիլիայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ տեղի ունեցածը միայն ֆուտբոլի մասին չէ: Դա ազգային խայտառակություն էր, որ ուղիղ հետևանք է երկրում տարվող սխալ կադրային քաղաքականության:
Ստեղծված իրավիճակում պետությունը չի կարող հայտարարել, թե ֆուտբոլի ֆեդերացիան անկախ կազմակերպություն է, և ինքը չունի անելիք ու պատասխանատվություն: Ունի անելիք և պատասխանատվություն, քանզի ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ 2050 թվականին Հայաստանը հաղթելու է եվրոպայի կամ աշխարհի առաջնություններից մեկում: Ունի անելիք, քանզի երեկ Հայաստանը խայտառակվեց և դասվեց իսկապես շատ փոքրիկ երկրների շարքին: 9 գոլ սեփական դարպասն ընդունում են սովորաբար այնպիսի երկրներ, ինչպիսիք են օրինակ Ֆարերյան կղզիները, Սան-Մարինոն, Լիխտեյնշտեյնը:
Պետությունը ունի պատասխանատվություն, քանզի երկիրը ժամանակակից աշխարհում ներկայացնելու ամենաերևացող ուղղություններից մեկում ղեկավար նշանակեց մեկին, որ Նոր Հայաստանում պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար: ԱԱԾ պետը՝ հաշվի առնելով երկրի արտաքին և ներքին մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքները, ոչ միայն ժամանակ չպետք է ունենար գլխավորելու ֆեդերացիան, այլև դիտելու հավաքականի խաղերը: Եթե պետությունը պարզապես հռչակագրային հայտարարություններ չի արել ֆուտբոլի գերակա լինելու մասին, ապա պարտավոր էր լուրջ միջոցներ տրամադրել ֆեդերացիային, որպեսզի հրավիրվեր լուրջ արտասահմանցի մասնագետ: Բազմիցս է հայտարարվել, որ փողի խնդիր չկա, պարզապես պետք է ներկայացնել լուրջ ծրագիր: Տարեկան 1 միլիոն դոլարով կարելի էր ունենալ եվրոպացի հեղինակավոր մարզիչ, որի օրոք այսպիսի խայտառակություն չէր պատահի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ստեղծված իրավիճակում ունի միայն մեկ անելիք: Պետք է պահանջի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականը, իսկ այնուհետև ինքնալուծարվի: Հեղափոխություն արած կամ Փաշինյանին նվիրված մարդիկ լիքը անելիքներ ունեն պետականաշինության գործում, ֆուտբոլում իրավիճակը փոխելու և շտկելու համար կան մասնագետներ ֆուտբոլի աշխարհից:
Դա պետք է արվի հենց հիմա, որ նոր գործկոմը, ֆեդերացիայի նոր նախագահը և նոր գլխավոր մարզիչը ժամանակ ունենան պատրաստվելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին: Հակառակ պարագայում ձախողումները և խայտառակությունները դառնալու են օրինաչափ, իսկ 2050-ի մասին խոստումները՝ զավեշտալի:
Արիս Վաղարշակյան