...

Հստակ ձևակերպել ակնկալիքները

Հստակ ձևակերպել ակնկալիքները

Ամենայն հավանականությամբ մի քանի օրից կլռեն թնդանոթների ձայները, և գործի կանցնեն դիվանագետները: Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Կրեմլ հրավիրելը դրա լավագույն ապացույցներից է:

Հայաստանը հերոսաբար դիմակայեց ադրբեջանա-թուրքական միացյալ հարձակմանը, որտեղ նրանց որպես օգնական հանդես էին գալիս նաև վարձկան ահաբեկիչները: Ձախողվեցին նրանց բոլոր ծրագրերը: Այս պահին նրանք չունեն որևէ նշանակալի հաջողություն: 18-20 տարեկան տղաներն իրենց հերոսություններով ամեն ինչ արեցին, որ մեր դիվանագետները բավական շահեկան դիրքերից ներկայանան բանակցություններին:

Բայց այս օրերին հանրային դիսկուրսում կա մեկ շատ վտանգավոր տենդենց: Որոշ քաղաքական շրջանակներ զարգացնում են այն միտքը, որ Հայաստանը պետք է այս կամ այն բանը ուզի: Օրինակ ռեպարացիաներ (պատերազմից հետո պարտված կողմը փոխհատուցի հաղթող կողմի կրած նյութական վնասները): Մի բան, որ չի կարող լինել: Ռեպարացիա կարելի էր ստանալ, եթե Ադրբեջանը ենթարկված լիներ կապիտուլյացիայի: Ցավոք, դա իրականություն չէ:

Կամ երեկ Ժիրայր Սեֆիլյանը ներկայացնում է քարտեզ, ըստ որի՝ Հայաստանի կամ Արցախի վերահսկողության տակ պետք է անցնեն Կարաչինար-Չինարի գծից հարավ գտնվող բոլոր հողերը: Մի ահռելի տարածք: Բայց այդ հողերը ազատագրված չեն, ինչպես կամ ինչու միջազգային հանրությունը պետք է այդ հողերը նվիրի Հայաստանին, Սեֆիլյանը չի պարզաբանում: Որպես ցանկություն, տվյալ դեպքում՝ կենաց, իհարկե շատ հաճելի է դիտվում: Եվ շատերը, տրվելով գայթակղությանը, առանց խորանալու, տարածում են այդ բնական գիծը, որ հեղինակել է Սեֆիլյանը:

Գանձակի մասին անգամ ավելորդ է հիշատակելը: Այս օրերին, բազմոցներում նստած հազարավոր օգտատերեր նշում են, որ Գանձակը նույնպես պետք է դառնա Արցախի մաս:

Չկա հայ, որ չցանկանա՝ Բաքուն և Ստամբուլը նույնպես դառնան հայկական: Բայց չպետք է կորցնել իրատեսությունը և հետո կրկնել արդեն մի անգամ բանեցրած թեզը, թե հայկական դիվանագիտությունը պարտվեց: Ինչպես ոմանք են սիրում ասել՝ բուշլատներով ձեռք բերված հաղթանակը կոստյումավորները պարտվեցին:

Հայկական դիվանագիտության առաջնահերթությունը պետք է լինի Արցախը բանակցային սեղան վերադարձնելը: Հայաստանը միջազգային հանրությանը այսքանից հետո պետք է բացատրի և հիմնավորի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը: Աշխարհին պետք է պարզ դառնա, որ հետագա սրացումներից խուսափելու լավագույն լուծումը Արցախի հետ բանակցություններն են:

Իսկ մաքսիմալիստական ցանկությունները վնաս են ոչ միայն դիվանագիտության, այլ նաև այս պատերազմի հետագա արժևորման տեսանկյունից:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   838 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ