...

Ի՞նչ չափով է չափվելու սրանցից յուրաքանչյուրի մեղքը

Ի՞նչ չափով է չափվելու սրանցից յուրաքանչյուրի մեղքը

Երբ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե այսօրվա վիճակի համար «բոլորս ենք մեղավոր», նրա մոտիվացիան հասկանալի է․ նա շատ լավ հասկանում է, թե ինչ ահռելի աղետ է բերել իր պատուհաս շեֆը Հայաստանի ու Արցախի գլխին, հասկանում է նաև, որ նա դատաստանից խուսափելու ոչ մի շանս չունի, ինքն էլ «գնդակահարության պատի տակ կանգնածների» շարքում անխուսափելիորեն նրա կողքին է լինելու, մինչդեռ «բոլորս ենք մեղավոր»՝ թարգմանաբար նշանակում է «ոչ մեկը մեղավոր չէ»։ Ուրիշ բան, եթե դրա փոխարեն ասեր, որ աղետի համար շատ շատերը մեղքի իրենց բաժինն ունեն։ Բայց այդ դեպքում էլ անմիջապես հարց կառաջանար, թե ովքե՞ր են այդ շատ շատերը, և կոնկրետ ո՞րն է նրանցից յուրաքանչյուրի մեղքի բաժինը։ Ու ոնց էլ հարցը շուռումուռ տային՝ միևնույն է, մեղքի ամենամեծ բաժինը Նիկոլ Փաշինյանինը կլիներ։ Բնականաբար՝ «Արուսն էլ հետը», ընդ որում՝ «Արուսի» դերում կլինեին ոչ միայն Նիկոլի տիկինը, այլև նույն Ալենչոն, պաշտպանության կլորիկ նախարարը, ծեծ ուտելուց հետո խրոնիկ վշտաբեկ արտգործնախարարն ու խրոնիկ երջանիկ ԱԽՔ-ը, հարսի պարի ժամանակ շաբաշը օդում հաշվող դհոլչու հայացքով ՆԳ նախարարը, Դավիթ Բեկի մորուքով ու շորորուն քայլվածքով ջահել կոսմոպոլիտները, նախկինում խոպանչի սուբվենցիոն մուլտիմիլիոնատերերը և այլն, մի խոսքով՝ բոլոր առանցքային ուսապարկերը։ 

Բայց միևնույն է՝ «շատ շատերից» յուրաքանչյուրի մեղքի բաժինը հասկանալն իսկապես կարևոր է, որովհետև քանի դեռ դա չենք արել՝ աղետները շարունակվելու են։ Հետևաբար՝ փորձենք հերթով քննարկել առանցքային դերակատարների հնարավոր «մեղավորության աստիճանը»։

Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը (հասկանալի է, որ որևէ ժողովուրդ միատարր չէ, բայց մենք, բնականաբար, նկատի ունենք ընդհանրական պատկերը)։ Միանշանակ՝ ոչ։ Ի՞նչ պիտի աներ ժողովուրդը, որ չի արել։ 1988-ին Արցախից օգնության կանչ եղավ՝ մի մարդու նման համախմբվեց ու ոտքի ելավ, պատերազմ սկսվեց՝ ատամները սեղմած դիմացավ զրկանքներին, իր զավակներին ուղարկեց պատերազմ ու ահռելի կորուստների գնով հաղթեց․․․ Ուրիշ բան, որ հետո այդ հաղթանակին տեր կանգնողն ու դրա պտուղներից օգտվողը պետությունը պիտի լիներ, բայց ժողովրդին շատ ճարպկորեն խաբեցին՝ թե իբր «քո հաղթանակից կարող ենք ավելի շատ պտուղներ քաղել», ու խեղաթյուրեցին պետականության էությունը։ Ժողովուրդն էլ խաբվեց, որովհետև խաբողների բանակն ահռելի էր․ իշխանության համն առած նախկին սովետական չինովնիկներ, Մասիսի մասին ոտանավորներ գրելով հայրենասերի անուն հանած ռուսախոս «մտավորականներ», Բեյրութի արվարձաններից Հայաստան տեղափոխված «ազգային գործիչներ» ու նրանց լրատվամիջոցներում աշխատանք գտած նախկին սովետական «զասլուժեննի ժուռնալիստներ», բիզնեսմեն դարձած ԿԳԲ-շնիկներ ու նրանց փողերով Հայաստանի անկախությունը ծաղրող ԿՎՆ-շչիկներ․․․ Թե որքան է սրանցից յուրաքանչյուրի մեղքի բաժինը՝ թող իրենք որոշեն, բայց փաստ է, որ եթե սրանք երկիրն ախոռ չդարձնեին ու իրենց տոտալ քարոզչությամբ ժողովրդին ռացիոնալ մտածելու անընդունակ զանգվածի չվերածեին՝ առաջին պատահած ժուլիկը, որքան էլ տաղանդավոր լիներ որպես շառլատան, չէր կարող այդքան հեշտությամբ չանթել իշխանությունն ու հինգ տարում քարուքանդ անել ամեն ինչ։ 

Հետո, երբ այդ ժուլիկն Արցախը ոչնչացնելու վերջին շտրիխներն էր գծում, նախկին ժուլիկները փորձեցին օգտվել առիթից ու Արցախում խլեցին իշխանությունը, որպեսզի իրենք հանձնեն, Երևանում էլ հետին թվով «Արցախը փրկելու» շարժում սկսեցին, որ պատուհասի հետ «բազար անելու» տեղ ունենան․․․ Մի խոսքով՝ մնացածը գիտեք։

Իսկ ամենավատն այն է, որ իրար հետ «պասերով» Արցախը ոչնչացրած այս աղետաբերներից յուրաքանչյուրի մեղքի բաժինը որոշել հնարավոր չի լինելու։ Ո՞վ պիտի որոշի, եթե երկրում կատարյալ քաղաքակրթական կոլապս է, ու հանրության անվերապահ վստահությունը վայելող բացարձակապես ոչ մի կառույց ու անգամ անհատ չի մնացել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ