...

Ի՞նչ է կատարվում կաթնամթերքի շուկայում. փաստեր և հակափաստարկներ

Ի՞նչ է կատարվում կաթնամթերքի շուկայում. փաստեր և հակափաստարկներ

Փոշի են օգտագործում

Ապրիլին թանկացած սննդամթերքի ցանկում է նաև կաթնամթերքը:

Նախորդ ամիս մարտի համեմատ, ըստ պաշտոնական տվյալների, կաթնամթերքի շուկայում գրանցվել է 4.2 % գնաճ:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ նախորդ տարվա համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում արձանագրվել է 3.3 % գնանկում:

Կաթնամթերքի որոշ տեսակների գները մի փոքր բարձրացել են՝ «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը:

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ ներկրվող հումքը թանկ են գնել գործարանները:

«Դրսի հումքի արժեքը բարձրացել է: Դրսում բավականին բարձրացել է չոր կաթի գինը: Դա է հիմնական պատճառը»,- նշեց նա:

Խաչատուր Պողոսյանը նաև շեշտեց, որ գների բարձրացման պատճառներից մեկն էլ այն, որ գործարաններն ի տարբերություն նախորդ տարիների, կաթի մթերման գները չեն նվազեցրել: Դրա համար էլ, ըստ նրա, որոշ տնտեսվարողներ ապրանքը թանկացրել են:

«Սովորաբար գարնանը, երբ կաթնատվությունն ավելանում է, կաթի մթերման գինը նվազում է, բայց այս տարի գործարանները գինը չեն իջեցրել և ձմռան գներով են տանում, արդյունքում որոշ տնտեսվարողներ գները բարձրացրել են»,- նկատեց նա:

Մթերման գներն իջեցրել են 

Կաթ արտադրողների միության նախագահին հակադարձում են ֆերմերները: Նրանց պնդմամբ՝ կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները օրեցօր նվազեցնում են մթերման գները: Գեղարքունիքի մարզի բնակիչ Արտյոմ Սանամյանն ասում է՝ ձմռան շրջանում կախված կաթի յուղայնությունից մթերման գները տատանվում էին 160-200 դրամի սահմաններում: Իսկ հիմա, երբ ավելացել են կաթնարտադրության ծավալները, գներն ընկնում են:

Նա համագործակցում է «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Անի», «Թամարա» ընկերությունների հետ:

Ընկերությունները կաթն ընդունում են լիտրը 140 դրամով: Բայց ինքը կաթը գյուղացուց լիտրը 120-130 դրամով է վերցնում և գործարանի հաստատած գնով նրանց հանձնում: Մի քանի դրամ փող էլ նա է այս ձևով աշխատում:

«Զավոդի տերերը հա էլ պետք է ասեն, որ չեն էժանացրել, թող գա իմ դեմը կանգնի ասի, կաթը թանկ է: Բոլոր ֆիրմաներն էլ էժանացրել են, մենք էլ 10 դրամի վրա ենք աշխատում: 30 դրամ էժանացրել են: Ձմեռը կաթ չկար, դրա համար էր թանկ: Հիմա կաթը կա ու ջրի գին է դարձել: Ժողովուրդն ասում է՝ եթե կաթն էժանանում է, թող մթերքն էլ էժանանա: Մենք ինչ անենք, մեր ձեռքն ինչ կա: Ժողովրդի հետ մենակ մենք ենք նյարդայնանում: Զավոդի տերը նստում է, ասում է՝ կաթը 10 դրամ էժանացավ, 20 դրամ էժանացավ»,- ասաց նա և հավելեց, որ գործարանների մեծը մասը չոր կաթով են ապրանք արտադրում:

Աժիոտաժ ստեղծած կարագը 

Մարտին 10 դրամով բարձրացել է նաև կարագի գինը: Կարագի գնին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կարագի գները նվազել են:

Ըստ նրա՝ եթե կարագի գինն այս տարի բարձրանա, դեռ կշարունակի ավելի ցածր մնալ, քան նախորդ տարում էր։ 

«Երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին»,- ասել էր Փաշինյանը։

100 փաստ ներկայացնելիս վարչապետը նշեց, որ կարագի շուկայում 2019 թվականի ընթացքում 2018 թվականի համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է: Միևնույն ժամանակ, կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4383 դրամ, 2019 թվականին՝ 3906 դրամ, իսկ ներկայում՝ 3680 դրամ: Այսպիսով՝ 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16 տոկոսով:

Վարչապետի այս պնդումը քննդատությունների տեղիք տվեց: Ընդդիմախոսները, վկայակոչելով պաշտոնական տվյալները, փաստեցին, որ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին:

Իսկ ԱՎԿ-ի համաձայն՝ կարագի միջին գինը 2018 թվականին վարչապետի նշած 4383 դրամի փոխարեն եղել է 5199 դրամ, իսկ 2019-ին՝ ոչ թե 3906, այլ՝ 5070 դրամ: 

2019-ի մարտին կարագի միջին գինը եղել է 5217 դրամ, իսկ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գնանկումը կազմել է 5,4 տոկոս: Ապրիլին մեկ կիլոգրամ կարագն արժեցել է 5060 դրամ:

Կաթ արտադրողների միության նախագահի խոսքով՝ կարագի գինը սահմանում են ներմուծողները: Նա հիշում է, որ Նոր Զելանդական կարագի տեսակը 5000 դրամից էժանացել է:

«Հայաստանում շատ քիչ կարագ է արտադրվում, շուկայում դա նշանակություն չի տալիս: Ներկրում ենք, իսկ գինը սահմանում են ներմուծողները, և այն կախված է դրսի հանգամանքներից»,- նկատեց Խաչատուր Պողոսյանը:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ