...

Ի՞նչ է կատարվում մսամթերքի ու կաթնամթերքի շուկայում

Ի՞նչ է կատարվում մսամթերքի ու կաթնամթերքի շուկայում

Կաթնամթերքի գները նվազել են: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներն են այս մասին ասում:

Ըստ վիճակագրության՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6%, իսկ հունվարի համեմատ՝ 4.4 % գնանկում: 

Ընդ որում, ձվի գինը փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 25.9 %-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ` 18.3 %-ով: Հանրապետության բոլոր քաղաքներում փետրվարին հունվարի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 6.6-2.6%-ով, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջևանում: Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 3.7 %-ով:

Փորձագետներին, սակայն, զարմացնում է կաթնամթերքի շուկայում գրանցված գնանկումը:

Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նման տեղեկություններ չունի: Նրա պնդմամբ՝ իրենց միության անդամները կաթնամթերքի գները չեն իջեցրել: Իսկ թե ինչու է տարվա այս շրջանում գնանկում արձանագրվել, դժվարացավ պատասխանել:  

Մսամթերքն էլ է էժանացել: Համաձայն պաշտոնական տվյալների՝ փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսամթերքի շուկայում գնանկումը կազմել է 4.0 %, իսկ հունվարի համեմատ՝ 1.1 %:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում փետրվարին հունվարի համեմատ մսամթերքի գները նվազել են 2.2-0.1 %-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հրազդան քաղաքում:

Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.3 %-ով:

Վիճակագրական տվյալներն արժանահավատ չեն Ագրարագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանի համար:

Ըստ նրա՝ մսամթերքի շուկայում գնանկումը կարող է մի քանի հանգամանքներով պայմանավորված լինել:

«Ինչ վերաբերվում է խանութների վաճառքի գներին, կարող է տարբեր պատճառներով լինել՝ կապված նաև ազգաբնակչության գնողունակությամբ: Կարող են չնչին տարբերություններ լինել»,- նկատեց Հրաչ Բերբերյանը:

Փորձագետի խոսքով՝ խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակն է պակասել: Անկում կա նաև խոզաբուծության ոլորտում, սա իր հերթին բերում է գների նվազման, բայց հետո գնաճն անխուսափելի կլինի:

«Հիմա, որ մսի գինը բարձր չէ, միմիայն անասնագլխաքանակի պակասի հետ է կապված: Գյուղացին անասունների գլխաքանակը կրճատում է, որովհետև անասնակեր չունի: Գարնանը կտեսնեք, թե ինչպես են գները բարձրանում: Գարնանը, երբ անասնակերի հարցը լուծվի, անասուններին էլ մորթի տակ չեն դնի: Անցյալ տարվա համեմատ մեկ խոտի հակի գինը 30-40 տոկոսով ավելի բարձր է եղել: Խոտը հակը 1000-13000 դրամով են պահեստավորել»,- նշեց նա:

Արմավիրում գործող սպանդանոցներից մեկի տնօրենը ևս փոխանցեց, որ մսամթերքի գնանկման պատճառը մորթի ավելացումն է:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ