...

Շուկան «մխտռված» է

Շուկան «մխտռված» է

Կաթնամթերքի արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցություն է: Խնդրի մասին արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են հենց արտադրողները:

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրեց կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: 

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանն անբարեխիղճ մրցակիցներ է համարում այն արտադրողներին, որոնք տնային պայմաններում են աշխատում: Ասում է՝ նման վիճակում գործող փոքր տնտեսություններին խելքի չի բերել ոչ հին իշխանությունը և ոչ էլ նորն է քայլեր ձեռնարկում: 

«Դրանց թողել են բարձիթողի վիճակում, դրա համար էլ այսպիսի վիճակ է ստեղծվել: Ամեն մեկն իր տանն ինչ ապրանք ասես սարքում է: Բուսական յուղը խառնում են կաթի փոշու հետ, պանիր են սարքում, հանում են շուկա և ոչ բարեխիղճ մրցակիցներ են դառնում: Վերևից հրաման կա, որ փոքրերին ձեռ մի տվեք, քանի որ օրվա հացի խնդիր են լուծում: Ամբողջ շուկան «մխտռված» է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նա:

Կաթնամթերք արտադրողների միության նախագահը մի քանի անգամ, իր ձևակերպմամբ ասած, մանր-մունր ցեխերի գործունեության և նրանց կողմից շուկային հասցվող վնասների մասին խոսել է պատկան կառույցների հետ: Պնդում է՝ խոշոր արտադրողները մաքուր են աշխատում:

«Շահագրգրված չեն, որ բուսական յուղը բերեն խառնեն, անունը դնեն թթվասեր և հանեն շուկա»,- ասաց մեր զրուցակիցը:

Չնայած արտադրողների միության նախագահի հավաստիացումներին՝ խոշոր ընկերությունների կողմից կատարված մի քանի խախտման օրինակներ արդեն ունենք: 

Կաթնամթերքի շուկան դիտարկում է ՏՄՊՊՀ-ն: Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով կատարված հսկիչ գնումների արդյունքներով վարչական վարույթներ են հարուցվել «Պարգև» և «Թամարա» ՍՊԸ-ների նկատմամբ: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերությունների կողմից որպես թթվասեր մակնշված արտադրանքում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով, հնարավոր է, որ ապրանքը չի հանդիսանում թթվասեր և կարող է մոլորեցնել հասարակությանը:

Որպեսզի սպառողին չմոլորեցնեն և նրան որակյալ ապրանք հասնի, Խաչատուր Պողոսյանն առաջարկում է ստուգումներ անցկացնել խոշոր և մանր կաթնամթերք արտադրող ընկերություններում: Շուկան կարգավորելու ուղղությամբ իրենց առաջարկները ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարությանը:

«Այդ ապրանքները խանութներում պետք է տարբեր փեղկերի վրա վաճառվեն, որ մարդիկ չխառնեն: Մաքուր թթվասերը պետք է վաճառվի թթվասերի համար հատկացված տեղում, իսկ բուսական հումքով պատրաստվածն՝ այլ տեղում: Պետք է առանձին դրվի, ինչպես Ռուսաստանում է: Նույն էլ պետք է մեզ մոտ արվի և դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Թթվասերն ու կաթնայուղի փոխարինիչով պատրաստած մթերքը դնում են իրար կողք, սպառողն էլ ընկնում է մոլորության մեջ, այստեղ արտադրողի մեղքը ո՞րն»,- վրդովվեց նա:

Այս շրջանում կաթի արտադրության ծավալները քիչ են լինում: Միության նախագահի խոսքով՝ արտադրողներն այս սեզոնին հիմնականում աշխատում են չոր անարատ կաթով ու կարագով: 

Գործարաններն էլ կաթի մեկ լիտրը ֆերմերից գնում են 160 դրամով: Պողոսյանը վստահեցնում է՝ խելամիտ գին են վերամշակող ընկերություններն առաջարկում կաթ արտադրողին:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4230 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ