Երկու տարի առաջ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ դատաիրավական խիստ հրատապ բարեփոխումների բացակայությունը կպրոյեկտվի խորովածի վրա, և հենց այդ ուտեստի պատրաստման օրինակով կբացատրվի բարեփոխումների բացակայությունը:
Երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետը հենց խորովածի պատրաստման օրինակով բացատրեց, թե ինչու պետք չէ շտապել բարեփոխումների մասով: Բացատրեց մոտավորապես այսպես. երբ տունը մարդ է գալիս, մենք թեժ կրակ ենք անում, որպեսզի խորովածը դնենք կրակի վրա, բայց քանի որ շտապում ենք հյուրերին հյուրասիրել, վառում ենք խորովածը, իսկ մեջը հում թողնում: Արդյունքում հյուրերը հեռանում են սոված:
Իհարկե, մի փոքր դժվար է Փաշինյանի հետ վիճել խորովածի պատրաստման եղանակների վերաբերյալ: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ նա անգամ խորովածի վերաբերյալ գրված բանաստեղծություն ունի, և որի բառերի հիման վրա անգամ Սերժ Թանկյանը երգ է գրել:
Բայց, այնուամենայնիվ, փորձենք հենց խորովածի պատրաստման օրինակով բացատրել, թե ինչպես են ձախողվում դատաիրավական բարեփոխումները և ինչպես են քաղաքացիները վերջում սոված մնալու: Նախ, հյուրերը կարող են հանկարծակի գալ, առանց զգուշացնելու: Այլ է քաղաքացիների պահանջը՝ իրականացնել դատաիրավական լրջագույն բարեփոխումներ: Այդ մասին արդեն մի քանի տասնամյակ է՝ ինչ ահազանգում և պահանջում են: Այսինքն՝ հյուրերը հանկարծակի չեն եկել, շատ վաղուց և շատ հաճախակի զգուշացրել են, որ գալու են: Անգամ գալուց առաջ շատ մեծ աղմուկ բարձրացրեցին, տվյալ դեպքում՝ հեղափոխության տեսքով: Եվ այժմ արդեն երկու տարի է՝ եկել են, բայց տանտերը (կառավարությունը) չի էլ պատրաստվում կրակը վառել և հյուրերին զբաղեցնում է պատմություններով, թե հարևաններից ով և ինչպես է վառել կամ հում թողել խորովածը: Եվ մարդիկ, որ եկել են խորոված ուտելու, արդեն ձանձրացել են խորովածի պատրաստման վերաբերյալ տեսական զրույցներից, արդեն հասունացել է տուն վերադառնալու և հաց ու պանիր ուտելու պահը:
Խորոված պատրաստողների ևս մի փոքրաթիվ խումբ կա, և ամենայն հավանականությամբ կառավարության պատասխանատուները հենց այդ խմբին են պատկանում: Սկզբում թեժ կրակ են վառում, բայց հետո այնքան են սպասում՝ կրակը նստի, որ արդյունքում, երբ միսը դնում են կրակի վրա, պարզվում է՝ արդեն վաղուց կրակ չկա: Սա գործող կառավարության տիպիկ վարքագիծն է: Երկու տարի է՝ կրակը վառել են, բայց խորոված անելու փոխարեն նստել և խորովածի պատրաստման վերաբերյալ տարատեսակ խոհարարական ստեղծագործություններ են ուսումնասիրում:
Կառավարության պատասխանատուները և հատկապես վարչապետը պետք է գիտակցեն՝ մանղալը, որի վրա նրանք խոստանում են երբևէ խորոված անել, իրենց սեփականությունը չէ, որ երբ ցանկանան, այդ ժամանակ խորոված անեն: Մանղալը նրանց տրված է շատ խիստ սահմանափակ ժամկետով, գալու են հաջորդները և իրենց ճաշակով են խորոված անելու, իսկ իրենց մնալու է պատմությունը, որ վառեցին կրակը, բայց չհասցրեցին միսը դնել կրակին:
Արիս Վաղարշակյան