...

Ինչո՞վ և ինչքա՞ն ենք վճարելու եվրաինտեգրման համար

Ինչո՞վ և ինչքա՞ն ենք վճարելու եվրաինտեգրման համար

Եթե փորձենք ի մի բերել Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագայի վերաբերյալ հնչած ելույթները՝ ընդհանուր պատկերը մոտավորապես հետևյալն է․ Պետք է ամեն կերպ աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացմանը, «որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի եվրոպական առավելություններից», որպես առաջին քայլ՝ պետք է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման հարցով, բայց «Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնվում են Ադրբեջանի հետ հակամարտությամբ», հետևաբար՝ պետք է Ադրբեջանին կոչ անել ավարտին հասցնել խաղաղության գործընթացը, ընդ որում՝ Բաքուն պետք է իմանա, որ Եվրոպան չի հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և ընդհանրապես՝ «պետք է Բաքվին և Մոսկվային մեկընդմիշտ համոզել հարգել ժողովրդավարությունը և Եվրոպայի վրա հույս դրած հայ ժողովրդին»։ 

Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ լավ է, բայց ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Եվրամիության «զրուցակիցը» ոչ թե մենք ենք, այլ Բաքուն ու Մոսկվան։ Պարզ ասած՝ Արևմուտքը Ռուսաստանից ու Ադրբեջանից պահանջում է հարգել հայ ժողովրդի եվրոպական ընտրությունը և թույլ տալ, որ Հայաստանն ինտեգրվի Եվրոպային, ու երկու «զրուցակիցներից» էլ շատ հստակ պատասխան է ստանում։ Ռուսաստանը, առայժմ «փորձագետների մակարդակով», հայտարարում է, թե եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից (իսկ առանց դրա, հասկանալի է, լիարժեք եվրաինտեգրում լինել չի կարող), անմիջապես կդառնա «Արևմտյան Ադրբեջան», Ադրբեջանն էլ իր հերթին է Հայաստանին «հանգիստ թողնելու» համար շատ կոնկրետ գին ասում՝ «այլ տարբերակ չկա, խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է ընդունի մեր բոլոր պահանջները»։ 

Միջնադարյան ստրկավաճառական շուկաներում էլ էր այդպես։ Երբ որևէ լուսավորյալ եվրոպացի ինչ-ինչ նկատառումներով (մարդասիրական, թե շահադիտական՝ էական չէ) որոշում էր ազատագրել որևէ ստրուկի՝ ստրկավաճառները շատ կոնկրետ փրկագին էին սահմանում։ Մեր դեպքում, ահա, «լուսավորյալն» էլ է հայտնի, նրա դրդապատճառներն էլ, «ստրկավաճառներն» էլ, «ստրուկն» էլ, սահմանված փրկագինն էլ։ Միակ տարբերությունն այն է, որ «փրկագինն» ինքներս պիտի վճարենք։ Կամ արյունով, կամ տարածքներով, կամ և՛ մեկով, և՛ մյուսով։ Որովհետև միամտություն է կարծելը, թե «ստրկատերերը» զուտ մարդասիրական նկատառումներով կամ միջազգային նորմերը հարգելով մեզ հենց այնպես ազատ կարձակեն։ 

Ու այս դեպքում որոշում կայացնելու համար շատ կարևոր է հասկանալ, թե ո՞րն է եվրաինտեգրման (կամ, օրվա իշխանությունների ձևակերպմամբ, «ռուսական ճորտությունից ազատագրվելու») կոնկրետ գինը։ Պարզ ասած՝ որո՞նք են Ադրբեջանի «բոլոր պահանջները»։ Արդյո՞ք խոսքը միայն «Զանգեզուրի արտատարածքային միջանցքի» և անկլավների վերադարձի մասին է, թե՞ պահանջելու են նաև սահմանազատում «պատմական քարտեզներով», ահռելի ռազմատուգանք, ադրբեջանցիների վերադարձ Սյունիք, Սևանի ավազան ու Արարատյան դաշտ, Սահմանադրության և պետական խորհրդանիշների փոփոխություն, բանակի կրճատում, պատմական հիշողության քրեականացում, ադրբեջաներենի՝ որպես երկրորդ պետական լեզվի, կարգավիճակ, ադրբեջանական բիզնեսի համար հատուկ արտոնություններ, և այլն։ Ի վերջո՝ Արևմուտքը մեզ առաջարկում է գայթակղիչ «ապրանքը» («ազատագրում ռուսական ճորտությունից», Եվրամիության անդամակցության հեռանկար և այլն), հասկացնում է, որ դրա համար պիտի վճարենք, իր կողմից խոստանում է անել ամեն ինչ, որ գինը չափազանց ծանր չլինի, բայց միևնույն է՝ քանի դեռ գինը հստակ չէ, որոշում ընդունել չենք կարող։ 

Որովհետև անկախ նրանից, թե ում ինչ կխոստանա Նիկոլ Փաշինյանը՝ որոշողն էլ, գինը վճարողն էլ Հայաստանն ու հայ ժողովուրդն է լինելու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ